Կայացավ «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծի առաջին գալա համերգը։ Նախընտրական փուլից հետո առաջին գալա համերգում ներկայացված էին 12 հայ երիտասարդներ` 4 երկրներից։ Վրաստանից «Հայ սուպերսթարին» մասնակցում է Անահիտ Հարությունյանը։ Ռուսաստանից՝ Արմեն Մարդանյանը, Լիանա Արոյանը, Արթուր Մացակյանը։ Ուկրաինայից մասնակցում է Երվանդ Մաթեւոսյանը։ Իսկ ահա Լիլիթ Խաչատրյանը, Վարդինե Ավագյանը, Էլիզաբեթ Ադիկյանը, Ջուլիետտա Սարգսյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Սոնա Ռուբենյանը, Ռիմա Ֆարսյանը «սուպերսթարի» հայաստանցի մասնակիցներն են։
Նախընտրական փուլն անցած 12 հաջողակներն առաջին գալա համերգում «վատ անակկնալներ» չմատուցեցին։ Նրանք կատարումներից հետո հիմնականում լսեցին գովեստի խոսքեր։ Համերգի երգացանկը խառն էր, այսինքն՝ կային հայկական եւ արտասահմանյան երգեր։ Հատկանշական է, որ Սփյուռքից ժամանած մասնակիցները հիմնականում երգում էին հայաստանցի երգիչների երգեր, իսկ հայաստանցի մասնակիցները՝ արտասահմանյան երգիչների երգացանկից։
Ի դեպ, «Հայ Սուպերսթարի» ժյուրիում են հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը եւ երգիչ Անդրեն։
Համերգից հետո հարցազրույցներում ժյուրիի անդամները բոլորն էլ նշեցին, որ շոուի վերջնական փուլում մնացել են լավագույնները։
«Այս շոուի շրջանակում մասնակիցներին «ցատկահարթակ» է տրամադրվել, իսկ թե նրանցից ով ավելի բարձր կթռչի, դա իրենցից է կախված»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարիկ Պապոյանը։
Անդրեի կարծիքով, եթե ինքը համերգային սեփական նախագիծ ունենար եւ հանդես գար որպես պրոդյուսեր, ապա բոլոր 12 մասնակիցներն էլ կընդգրկվեին իր նախագծում, բայց այնուամենայնիվ մասնակիցներին նա կոլեգա դեռ չի համարում։
«Շատ մարդիկ կան իմ ասպարեզում, որ ես նրանց էլ չեմ համարում ինձ կոլեգա, որովհետեւ կոլեգա լինելու համար դեռ ինքնուրույն շատ ճանապարհ պետք է անցնեն»,- նշեց Անդրեն՝ ավելացնելով, որ ստեղծված են շոուի համար համապատասխան բոլոր պայմանները, բայց «գոյություն ունի նաեւ ինքնուրույն աշխատանք»։
Առաջին գալա համերգի նկարահանման ընթացքում սկսեցին բացահայտվել նաեւ «որոշակի գաղտնիքներ»։ Պարզվեց, որ մասնակիցներից ամենափոքրը՝ 16-ամյա Ռիմա Ֆարսյանը, մի անգամ «թաքցրել է» «սարսափազդու» ժյուրիի անդամներից Գարիկի բաճկոնը։
«Մի օր, երկար ժամանակ բաճկոնս էի փնտրում, որ դուրս գայի, չէի գտնում։ Հետո նկատեցի բաճկոնիս թեւը բազմոցից ներքեւ կախված։ Ռիման նստել էր բաճկոնիս վրա»,-պատմեց Գարիկը։
Ի պատիվ Գարիկի նշենք, որ Ռիմա Ֆարսյանի կատարումից հետո նա խոստացավ, որ եթե շարունակի այդպես երգել, ապա ինքը համաձայն է, որ Ռիման միշտ իր բաճկոնի վրա նստի։
Մասնակիցներից ոմանք արդեն մականուններ էլ են ստացել։ Մասնակիցներն էլ խոստովանեցին, միմյանց, իսկապես, ընկերաբար մականուններով են դիմում, քանի որ 2-2,5 ամիսների ծանոթությունից հետո ընկերական մթնոլորտ են ձեւավորել։
«Բոլորս էլ ցանկանում ենք հաղթել, դա հասկանալի է։ Դա նախագծի իմաստն է, բայց դա չի կարող մեր մեջ նախանձ առաջացնել։ Մենք իրար շատ ենք սիրում։ Գիտենք, որ եթե մեզնից մեկն արդյունքում դուրս մնա, ապա քվեարկելու է մնացած մասնակիցների օգտին»,- բոլոր մասնակիցների ներկայությամբ, ու բոլորի անունից հայտարարեց Արթուր Մացակյանը։











