Վարդաշենի 68 ա շենքի (հանրակացարանի շենք) բնակիչներն այսօր՝ փետրվարի 3–ին բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի առջև՝ բողքելով, որ երեկ նորից տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։

Բնակիչներից Լիաննա Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Երեկ երեկոյան ժամը 6:30-ի կողմերը փլուզում է եղել, պատը փլվել է,  նկարներն էլ կան ամբողջ համացանցում։ Բախտներս բերեց այնքանով, որ պատը փլուզվեց, նոր մեքենան եկավ, թե չէ մեքենայի վրա էր փլվելու։ Այս ամիս սա արդեն երրորդ փլուզումն է, իսկ որ ներսում քարերն ընկել են, դա չենք էլ ասում։  Մեկ շաբաթ առաջ քարը պոկվել, ընկել էր երեխայի գլխին, լավ է՝ բան չէր եղել։

Գնալու տեղ էլ չունենք, ամեն վայրկյան վտանգի տակ ենք, անձևներն էլ նպաստում են։ Երեկվա փլուզումից հետո միանգամից փրկարարները ժամանեցին, սահմանազատեցին, բայց այդ այդ լենտը կապելով հարցը չի լուծվում։ Շատ ուժեղ ձայն լսվեց, ինձ թվաց՝ երկրաշարժ է։ Ամբողջ ժողովուրդը մինչև ժամը 12:00–ը գիշերը դրսում է անցկացրել, խնդրել ենք, որ ներս մտնեն, անձրևի տակ չմնան։

Այս պահի դրությամբ մեզ քաղաքապետարանում ասեցին որ մինչև շաբաթվա վերջ նախագիծը վերջնական պատրաստ կլինի, արդեն երևի կուղարկեն կառավարություն հաստատման, չգիտեմ»։

Բնակիչներից Լիաննա Մարտիրոսյանն էլ ասաց. «Ապրում եմ հինգերորդ հարկում, երեկվա այդ փլուզումից հետո առաստաղից անկյունային գծով ճաք է առաջացել, պանելներն էլ հեռացել են։ Տան մեջ ապրում ենք յոթ հոգով, որից երեքը անչափահաս են, ահավոր վիճակ է։ Այս պահին երեխային ուղարկելու եմ քրոջս տուն։

Չգիտեմ, թե այս հարցի լուծումը երբ կլինի, ինչքան ուղարկենք երեխաներին տարբեր տեղեր, ասենք՝ գնացեք, մնացեք, ինչ լինում է, մենք մեծ ենք, մեզ լինի, գոնե երեխաներին բան չլինի։ Տեսնենք, հլը վերջնական, ի՞նչ կորոշեն։ Մյուս անգամ երեխաների հետ ենք գալու։

Ամեն անգամ փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, ասում են՝ գնացեք, կորոշենք, կասենք։ Եթե մի հատ ընտրություն լինի, գալիս են շենքերը, խնդրում են, որ եկեք ընտրեք սրան, ընտրեք նրան։ Ինչի՞ համար մենք հիմա պետք է գայինք այստեղ հասնենք, իրանք պետք է գային։ Հիմա չենք ուզում տուն գնանք, էս անձրևային եղանակներին էլ շատ ահավոր է»։

Նրանք նկատեցին, որ անգամ ոստիկանության աշխատակիցն է զարմացել, թե ոնց են մարդիկ այս պայմաններում ապրում. «Հիմա էլ անձևներից հողը փափկել է, մի հատ ծանր մեքենա անցնի, փլվելու է։

Խոնավությունը հասել է երկրորդ հարկ, երկրորդ հարկի քարերը ջրի մեջ են։ Սա ասելու չի, պատմելու չի, Ավինյանը թող երկու րոպեով գա իր աչքով տեսնի։

Վարչաբենդի թմբուկը որ մի հատ խփեն, մեր շենքը շատ սիրուն կնստի։ Էդ որ ուրախանում են, լավ են անում, բայց ինչի՞ վրա են ուրախանում։

Նոր մեզ ասեցին, որ հենց հիմա քաղաքապետարանում քննարկում են մեր հարցը, հիմա տեսնենք ինչ կլինի, հուսով ենք, որ դրական պատասխան մեզ կտան»,–ասաց Լիանա Հարությունյանը։