Արդեն շուրջ երկու ժամ է, որ ավարտվել է Գագիկ Ծառուկյանի տան զննությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Դա ծավալուն մեծ գործողություն չէր։ Ծառուկյանի բնակության հասցեում չեն զննություն իրականացրել, այլ հողատարածքում, որտեղ առկա են շինություններ։

Այս գործը հարուցված է եղել դեռևս 2020 թվականին Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, այլ ոչ թե Գագիկ Ծառուկյանի։ Նա առհասարակ այս գործի հետ կապ չունի, ուղղակի գործի քննության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել մի շարք տարածքներ զննել, այդ թվում նաև պարոն Ծառուկյանին պատկանող մեկ տարածք, որտեղ առկա են շինություններ։

Զննությունը կատարվում է փորձագետների միջոցով, մի քանի չափային տվյալներ և լուսանկարներ են անհրաժեշտ փորձագետներին, որպեսզի հնարավորություն ունենան փորձագիտական եզրակացություն տալ»,–ասաց նա։

Հարցին՝ գուցե քաղաքական ենթատեքստ կա այս ամեն ինչի մեջ, փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարծում, ես առհասարակ քաղաքական կոմպոնենտի մասին խոսել չեմ սիրում։ Այս պահին հաշվի առնելով, որ գործը արդեն իսկ 2020 թվականին հարուցված է եղել և քննությունը ընթացել է, ինչ-որ տրամաբանական ավարտի պետք է հասնի ու փորձագետի եզրակացություն ստանալու անհրաժեշտություն կա ու շատ կարևոր է արձանագրել, որ միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքներ չեն զննվել, այլ տարածքներ էլ են, ենթադրում եմ, որ զննվել են։ Չեմ կարծում, որ որևէ տարածք զննելը կարող էր քաղաքական ինչ-որ կոմպոնենտ պարունակել։

Տարածքը պատկանում է պարոն Ծառուկյանին, այդտեղ որևէ թաքցնելու խնդիր չկա, արդեն շուրջ 25–30 տարի Ծառուկյանը օրինական տիրապետում է, այդ տարածքը»։
Նա հավելեց, որ գործում նշված է, որ այն հարուցվել է  Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, այսինքն կոնկրետ անձի վերաբերյալ չի հարուցված։

Հարցին՝ այս գործով Գագիկ Ծառուկյանը հարցաքննվե՞լ է, նա պատասխանեց. «Դեռ 2020 թվականի, երբ որ նոր հարուցվել է այդ գործը, պարոն Ծառուկյանը մեկ անգամ որպես վկա հարցաքննվել է այդ գործով»։