Ես խնդրում եմ, որ դատարանը պահանջի հանրային մեղադրողից, որպեսզի վերջինս կոնկրետ մարտանշի, թե իր թվարկած ապացույցներից որն է Նարեկ Օհանյանի նկատմամբ վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցողը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20–ին, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործող մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Ըստ նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքների՝ Նարեկ Օհանյանը ձեռք է բերել դյուրավառ հեղուկ Գևորգ Հարությունյանին օժանդակելու նպատակով։ Նարեկ Օհանյանի մեղադրանքի հիմքում ընկած առանցքային հանգամանքը այս դյուրավառ հեղուկի ձեռք բերելն է։ Չլիներ սա, առանց այն էլ այս խարխուլ մեղադրանքը չէր լինելու։
Հիմա եթե հանրային մեղադրողը չնշի այդ փաստական հանգամանքի վերաբերյալ ապացույց, ես իմ կողմից ապացույցներ ներկայացնեմ ժամանակ, ի՞նչ ապացույցով հակադրվեմ այդ գոյություն չունեցող ապացույցին։ Այսինքն, եթե այս դատողության հիմքում չկա ապացույց, ես որպես հակափաստարկ ի՞նչ ապացույց ներկայացնեմ։
Երկրորդ հանգամանքը. նշվել է, որ Նարեկ Օհանյանը գնացել, եկել է Երևանյան խճուղով, որպեսզի համոզվի Վալոդյա Գրիգորյանը տանն է, թե ոչ։ Այս դեպքում ևս որևէ ապացույց չկա վկայակոչված։
Երրորդը, նշվել է, որ Նարեկը տունը տրամադրել է Գևորգ Հարությունյանին։ Այդ տուն ասվածը չունի դարպաս և պարիսպներ, կիսակառույց է և հասանելի է ցանկացած անձի համար։ Պետք է ներկայացվի ապացույց, թե որտեղից են հանգել դատողության, որ Նարեկ Պարոնյանը իր տունը տրամադրել է Գևորգ Հարությունյանին։
Եվ չորրորդը, նշվել է, որ դեպքից հետո Նարեկ Օհանյանը գնացել է տուն, հեռախոսազանգեր է կատարել, տեսախցիկների տակ նկարվել է, որպեսզի իր համար այլուրեքություն հիմնավորի։ Ես խնդրում եմ, որ հանրային մեղադրողը վկայավորչի այն ապացույցը, որից հանգել է նման դատողության»,–ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։











