Այս ամենը այսպես չի մնա, մեր համբերության վերջին կաթիլը լցվել է, և մեր ժողովուրդը, նրանք, որոնք դառնացած են և ամփոփված են, պիտի հասկանան, որ մենք այսօր ունենք երկու ընտրություն՝ Հայաստան, ինքնություն, մեր լինելիությունը որպես հայ ամբողջականություն, թե՞ Հայաստանի թրքացում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Այս ճանապարհը, որ որդեգրել է ՔՊ կոչվող քաղաքական ուժը՝ իր առաջնորդի Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, Հայաստանի թրքացման, Հայաստանի չլինելու, ինքնիշխանության կորստի և սահմանադրության վրա ոտքերը սրբելու վարքագիծ է։ Սա պիտի չհանդուրժել, պիտի ըմբոստանալ, քաղաքացիական ըմբոստության մասին է խոսքը, և մեր մեջ պիտի արթնանա նաև արժանապատվությունը։ Եկեղեցու դեմ արշավանքը, արշավանք է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ»,–ասաց նա։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի՞ հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ դրանից բխող հետևանքներով, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Հոգևորի կյանքի մեջ հպարտությունը մեղք է համարվում, բայց ես հպարտ եմ մեր Վեհափառի արժանապատվությամբ և իր հայտարարությամբ։ Մեր Վեհափառը աներեր է և բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնց հիմքում ոչ միայն իր անձնական որակներն են, այլև իր պատասխանատվությունն է 1700-ամյա հայ եկեղեցու նկատմամբ։
Թեև մեղքի մեջ թաթախված մի 10-12 հոգի կա, որ պոկվեցին, այդ դավաճանական խմբակը, այնուամենայնիվ կա, բայց եկեղեցին աներեր է, անկոտրում է։ Մենք նաև այս օրերին տեսնում ենք, որ Անթիլիասը և նվիրապետական մյուս աթոռները ևս իրենց հայտարարություններով եկեղեցու ամբողջականության, աներերության, եկեղեցու առաքելությունը անխախտ անելու դիրքերում են։

Ես լավատես եմ և հորդորում եմ իմ հայրենակիցներին չընկրկել, չհուսահատվել, որովհետև հուսահատությունը և ընկճվածությունը մեր թշնամու օրակարգն է։ Դատապարտվածությունը, որ մեզ անընդհատ սնում են, որ տարբերակ չկա, թրքանա՞լն է մեր ելքը։ Ոչ, ընդվզել, պայքարել, արժանապատվությունը վերագտնել և պահել Հայաստանի ինքնությունը և ինքնիշխանությունը»,– ընդգծեց նա։