Արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտումների 158% աճ, որովհետև եթե բացահայտումների աճ չլիներ, մենք այդ դեպքերի մասին պարզապես չէինք իմանա։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 2018–ից հետո թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների կտրուկ աճ է գրանցվել։

«Դա ընդհանուր առմամբ պրոբլեմ է։ Դուք տեղյակ եք, որ մենք նաև Անվտանգության խորհրդի նիստերում ենք այդ թեմաներին անդրադարձել և ռազմավարության հետ կապված հայտնի իրադարձությունները գիտեք, և մենք անընդհատ խոսում ենք դրա մասին։

Բայց պետք է այդ էլ արձանագրենք, որ սա գլոբալ երևույթ է, այնպես չէ, որ Հայաստանում մի առանձին վերցրած իրավիճակ է զարգանում, բայց մյուս կողմից դա մեզ չի հանգստացնում կամ մեզ չի թուլացնում։ Մենք պետք է հետևողականորեն դրա դեմ պայքարենք, և ուզում եմ ասեմ, օրինակ, դրա դեմ պայքարի ձևերից մեկը 300 դպրոց նախագիծն է, որտեղ կան խաղահրապարակներ, ֆիզկուլտուրայով, սպորտով ավելի շատ զբաղվելու հնարավորություններ, ֆուտբոլի դաշտերի կառուցում և այլն, որպեսզի երիտասարդությունը ավելի շատ ստեղծարար զբաղմունքների վրա կենտրոնանալու հնարավորություն ունենա։

Իմ ընկալումը այն է, և ես այդպես հանձնարարական տվել եմ մեր իրավապահ մարմիններին, որ մենք պետք է կենտրոնանանք խոշոր ներկրումների և արտադրության վրա։ Ես չգիտեմ էլ մի պակետում ինչքան  թմրանյութ կա, ասենք զրո ամբողջ զրո զրո գրամ։ Այսինքն եթե պատկերացնենք մի տոննա թմրանյութ կա, ինքը բաժանված է տասնյակ հազարավոր պակետների, եթե մենք սկսենք վազել այդ մի գրամանոց պակետների հետևից, հետո ուշասպառ կլինի մեր իրավապահ համակարգը։ Մենք պետք է գտնենք խոշոր ներկրողներին և արտադրողներին.,–ասաց նա։

Անդրադառնալով մեկ տոննա կոկաինի հայտնաբերման հայտնի դեխպքին, Փաշինյանն ասաց. «Ես գիտեմ, որ մեկ տոննա կոկաինի գործը ուղարկվում է դատարան։ Դե մեկը Հայաստանի փրկիչ Միհրան Պողոսյանն է, որ հետախուզման մեջ է, թող հլը գա իր կոկաինին տիրություն անի, հետո կտեսնենք՝ Հայաստանին ոնց է տիրություն անում։