Վանաձորի մանկատան նախկին սան, 22-ամյա Աննա Վարդեւանյանը 4 տարի առաջ դուրս գալով մանկատնից, այսօր գիշերում է որտեղ պատահի: Աննան պատմում է, որ ծնողներն իրեն մանկատուն են հանձնել 1995թ-ին: Քրոջ հետ միասին Աննան նախ եղել է Արթիկի մանկատանը, այնուհետ արդեն Սոս մանկական գյուղում ու վերջում տեղափոխել են Վանաձորի մանկատուն: Աննայի խոսքով, ծնողների հետ կապ չեն ունեցել, նրանք չեն եկել իրենց տեսակցության: «Մեզ ասեցին, որ հրաժարվենք ծնողներիցս, որ մեզ որդեգրեն, բայց ծնողներս չէին հրաժարվում մեզնից»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Չափահաս դառնալուց հետո Աննան բոլոր շրջանավարտների նման մանկատնից դուրս գալով, հայտնվել է փողոցում, չունենալով նույնիսկ գիշերելու տեղ: Ծանոթների միջոցով գտել է մորն ու խորթ հորը «Մեկ ամիս գրեթե այնտեղ մնացի, բայց չէին ուզում, որ իրենց մոտ մնայի, հերացուս  ինձ չէր ընդունում, մայրս էլ ոչինչ չկարողացավ անել, որ ինձ պահեր, հետո իրենք սոցիալապես անապահով էին, դրա համար էլ...»,- պատմեց Աննան, ավելացնելով, որ մոր ընտանիքում գնալով վեճերն ավելի են շատացել, ու իրեն սկսել են ծեծի ենթարկել ու կարճ ժամանակ անց վռնդել են տնից. «Մայրս ոչինչ չարեց, որ ինձ իր մոտ պահեր, ինձանով չի հետաքրքվում, դրսում էլ տեսնելիս չտենալու էր տալիս…»: 

Մոր տնից դուրս գալուց հետո Աննային գիշերելու տեղ են տվել հարեւանները: «Քույրս ամուսնացել էր Ծաթեր գյուղում, որոշեցի գնալ իրենց տուն, ավտոբուսից որ իջա, քրոջս հեռախոսը էլ չէր պատասխանում, նստեցի քարի վրա ու սկսեցի լաց լինել»,- պատմում է Աննան: Նույն այդ ավտոբուսում Աննան մի կնոջ պատմում է իր տխուր կյանքը, ով Աննային տանում է իր տուն ու բնակության տեղ տալիս:

Մոտ մեկ ամիս է, ինչ Աննան ապրում է Ալավերդի քաղաքի Շնաձոր անունը կրող թաղամասում` 64-ամյա Մարիետա Թումանյանի տանը: Կինը երկրորդ կարգի հաշմանդամ է, ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, ձմռան այս օրերին բնակարանը չի ջեռուցում` վառելիք չունենալու պատճառով:

Մարիետա Թումանյանը որոշել է գնալ ծերանոց, սակայն քաջ գիտակցում է, որ Աննան գնալու տեղ չունի: Այս օրերի ընթացքում նա մտերմացել է Աննայի հետ ու ընդունում էնրան հարազատ երեխայի նման: «Ես իմ մարդկությունն արել եմ, բայց հիմնական չեմ կարող պահել իրեն, որովհետեւ ես ի վիճակի չեմ, չեմ կարող»,-թղթակցի հետ զրույցում նշեց Մարիետա Թումանյանն, ակնկալելով որեւէ ոգնություն 22-ամյա որբ աղջկա համար:

Ինքը` Աննան, ասում է, որ ընգրկված է մանկատան շրջանավարտներին տրվող բնակարանների հերթացուցակում ու ցանկանում է, որ գոնե կարճ ժամանակահատվածով, թեկուզեւ վարձով բնակարան ունենա, որպեսզի կարողանա աշխատել ու ապրել: «Ես ավել բան չեմ ուզում, մենակ գիշերելու տեղ, որպեսզի աշխատեմ, ու կարճ ժամանակ անց արդեն ես ինքս կվճարեմ իմ տան վարձը»,-նշեց նա:

Պատրաստեց` Էդվարդ Արզումանյանը

Տեսանյութը` հեղինակի