Այսօր՝ մարտի 15-ին՝ ժամը 14։45–ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տարածքում։ Դեպքը տեղի է ունեցել ՔՊ–ի ուրախ ավտոբուսների և իշխող ուժի ներկայացուցիչներին ուղեկցող շարասյան անցնելու պահին։ Վթարված ավտոմեքենաներից մեկի վարորդը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։
«Ճակատ առ ճակատ խփեցինք։ Ուղևորներից մեկը թեթև վնասվածք է ստացել, դեմքն է ճղվել։ Ապահովության համար հիվանդանոց տարան»,–պատմեց վարորդը։
Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է վթարից հետո՝ ուրախ ավտոբուսի անցնելուց րոպեներ անց, այդ հատվածով սլանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենան և նրան ուղեկցող շարասյունը։
Նշենք, որ ՔՊ–ի ներկուսակցական քարոզարշավի շրջանակում Փաշինյանի այցը Սյունիք ավարտվել է։ Նա ուղևորվում է Վայոց Ձոր։











