Ավազակության վերաբերյալ ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց փետրվարի 10-ին։ Քաղաքացին հայտնել էր, որ Երվանդ Քոչարի փողոցում դստեր ձեռքից խլել-տարել են դրամապանակը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ մեկնել էին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները։ Դուստրը հաղորդում էր տվել, որ շենքի մուտքի դուռը բացելիս անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և անձնագիր։
Ավազակության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։
Մարաշի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին պարզվել է, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 12։15-ին, նա հայտնաբերվեց Ջրվեժ թաղամասում, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։
Կազմված փաստաթղթերի հետ երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։











