Մաշտոցի պուրակում սադրանքները սաստկացել են: Նման ահազանգով են հանդես եկել այդ այգում շինանարարություն սկսելու դեմ արդեն մի քանի օր բողոքի ակցիա իրականացնող բնապահպան ակտիվիստները:
Այսօր` փետրվարի 17-ի առավոտյան, Մաշտոցի պուրակում մի քանի տասնյակ ոստիկաններ են հավաքվել` ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ եւ նրանց օժանդակությամբ բանվորները փորձել են սկսել շինարարությունը: Կենտրոնի ոստիկանապետը մոտեցել է ակտիվիստներին եւ պահանջել 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը:
Այդ պահին բողոքի ակցիայի մասնակիցների թիվը եղել է ընդամենը 10 մարդ, սակայն շատ արագ ակտիվիստներին են միացել նոր խմբեր: Այստեղ է նաեւ «Սարդարապատ» շարժման անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:
Դեպքի վայրից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ակտիվիստները թույլ չեն տվել, որ բետոնախառնիչ մեքենան այգում շարունակի իր աշխատանքը:
Ոստիկանները նշում են, որ իրենք վստահ են, որ այգում շինարարություն իրականացնելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը հիմնավոր է, ու քանի որ, ըստ ոստիկանների, ակցիայի մասնակիցների թիվն անցնում է 100-ից, դա ենթադրում է, որ ակցիայի կազմակերպիչները պետք է քաղաքապետարանից գրավոր թույլտվություն ունենան` ակցիա իրականացնելու համար:
Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին նշում են, որ իրենք արդեն մի քանի օր է այգում ակցիա են իրականացնում եւ թույլ չեն տալու, որ անօրինական շինարարություն իրականացվի Մաշտոցի պուրակում:
Հիշեցնենք, որ այս խնդրով «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնությունները եւ բնապահպանական ակտիվիստները 2 օր առաջ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել:











