Վերջերս Կալիֆոռնիայի ռեստորանում տեղի ունեցած միջադեպը հիշեցրել է, որ նույնիսկ ամենաժամանակակից մարդակերպ ռոբոտները դեռեւս կատարյալ չեն իրական կյանքում մարդկանց հետ շփվելիս, գրել է Interesting Engineering-ը։

Սան Խոսեի Haidilao ռեստորանում տոնակատարությունների եւ հատուկ միջոցառումների ժամանակ պարեր կատարելու համար նախատեսված ռոբոտ-զվարճացնողը հանկարծ սկսեց չափից ավելի եռանդուն «ելույթ ունենալ»։

Այն խիստ մոտեցավ հաճախորդներին՝ պատահաբար շրջելով ափսեներն ու սպասքը, եւ շարունակեց եռանդուն պարել, չնայած անձնակազմի՝ նրան կանգնեցնելու փորձերին։

Անձնակազմը ստիպված էր բառացիորեն բռնել ռոբոտին՝ նրա «պարի ռեժիմը» ​​դադարեցնելու համար։ Ռեստորանի ներկայացուցիչների խոսքով՝ այդ ռեժիմը՝ ներկառուցված զվարճանքի գործառույթը, սխալմամբ ակտիվացել էր, եւ ռոբոտը շարունակել է շարժվել նույնիսկ կանգ առնելու մի քանի հրամաններից հետո։

Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում, որտեղ օգտատերերը քննարկում են իրավիճակի ինչպես հումորային, այնպես էլ անհանգստացնող կողմերը: Մի կողմից՝ մեքենայի վարքագիծը ծիծաղ եւ զարմանք է առաջացրել. ռոբոտը հաճելիորեն ժպտացել է՝ ընդօրինակելով զգացմունքները, իսկ գոգնոցի վրա գրված էր «I’M GOOD» բառերը, մինչեւ որ քաոս է առաջացրել։

Մյուս կողմից՝ նման ձախողումները ցույց են տալիս, որ տեխնոլոգիան դեռեւս հեռու է առօրյա միջավայրում անվտանգ եւ կանխատեսելի ինտեգրումից, մանավանդ երբ դրանք պետք է գործեն մարդկանց հետ իրական աշխարհի իրավիճակում։

Այս դեպքը եզակի չէ. քանի որ ընկերությունները փորձարկում են մարդակերպ ռոբոտներ հանրային տարածքներում եւ մարդկանց հետ փոխազդեցության սցենարներում, առաջացող սխալներն աստիճանաբար ավելի տեսանելի են դառնում լրատվամիջոցներում։

Փորձագետները նշել են, որ նման միջադեպերը մի տեսակ «սթրես-թեստ» են կառավարման համակարգերի եւ սենսորների համար, որոնք պետք է սովորեն հաղթահարել անկանխատեսելի իրավիճակները եւ արագ կարգավորել մեքենայի վարքագիծը։