Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն այսօր` փետրվարի 19-ին, այցելել են Վանաձորի մանկատուն: Ուսանողների հանգանակությամբ եւ Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությամբ, մանկատուն այցելած ուսանողները երեխաների համար բերել են խնամքի եւ հիգիենայի պարագաներ, ինչպես նաեւ DVD նվագարկիչ եւ լվացքի մեքենա:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Գեւորգյանն ասաց, որ այցը կրում է ավանդական բնույթ. «Արդեն մոտ 7 տարի է, մենք նմանատիպ այցելություններ ենք ունենում մանկատներ, ծերանոցներ եւ տուն ինտերնատներ, իսկ նպատակը երեխաներին ինչպես նյութապես, այնպես էլ հոգեպես աջակցելն է»,-ասաց նա:
Ուսանողները երեխաներին ներկայացել են նաեւ երաժշտական համարներով, երեխաներն էլ որպես շնորհակալություն երգել ու պարել են ուսանողների համար:
Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











