Ձմռան այս օրերին Վանաձորի բազմաթիվ շենքերի ջրագծեր սառել են, որոնք լինելով մաշված, ամեն օր պայթում են: Ինչպես Վանաձորից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, փետրվարի 19-ին, իրեն զանգահարել են Տարոն 4 թաղամասի համար 2-Գ շենքի բնակիչները եւ պատմել, որ առավոտյան ժամը 6-ի սահմաններում 4-րդ հարկում պայթել է խմելու ջրի խողովակը եւ վնասել ողջ շենքը:
Արդեն նշված հասցեում մեր թղթակցին պատմել են, որ նշված բնակարանում ոչ-ոք չի բնակվում, որի պատճառով էլ ջուրը մեծ քանակով ժամեր շարունակ լցվել է շենքի 4-րդ հարկից մինչեւ նկուղ, լուրջ նյութական վնաս պատճառելով շենքի բնակիչներին: «Բոլոր խողովակները հոտած են, ոչ-ոք չի հետեւում, դիմում ենք համատիրություն, չեն գալիս, ինչ որ լինում է, մեր միջոցներով ենք նորոգում, բայց սպասարկման վարձի հավաքելիս լավ գալիս են»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է նշված շենքի առաջին հարկի բնակիչը, ով իր բնակարանը վերջերս էր կապիտալ նորոգել, բայց հիմա ամբողջությամբ վնասվել է:
Բնակիչների տները ամբողջությամբ լցվել են ջրով, վնասել վերանորոգումը, կահույքն ու անկողինը, իսկ շքամուտքն ու ապակիները` պատել սառույցով:
Նրանք զանգահարել են շենքը սպասարկող «Սեբաստիա» համատիրության նախագահ Սասուն Բադալյանին, ով միայն մեկ բանվոր է ուղարկել եւ հրաժարվել է այցելել շենք, պատճառաբանելով, որ օրը կիրակի է:
NEWS.am-ի թղթակցի խնդրանքով վերջինս ացելել է թաղամաս, հանդիպել իրեն ընտրող բնակիչների հետ ու պատախանել նրանց հարցերին, այնուհետ բնակիչների հետ համատեղ մեկնել են համատիրություն ու ընդհանուր ժողով արել, որի ժամանակ էլ փորձել են լուծման ուղիներ գտնել: Ի դեպ, ըստ համատիրության ղեկավարի, նշված շենքի բնակիչներն ունեն սպասարկման վարձի 300 հազար դրամից ավելի պարտք, որն էլ կհավաքագրվի առաջիկայում եւ կտրամադրվի տուժած բնակիչներին:
Բնակիչների հանդիպման ժամանակ Սասուն Բադալյանը փորձել է արգելել լրագրողին տեսանկարահանել, ինչը սակայն նրան չի հաջողվել: Նա փորձել է կատարվածի մեջ մեղադրել բնակիչներին, ու վստահեցնել, որ համատիրության խնդիրը միայն տանիքներն ու նկուղներն են, մինչդեռ բնակիչները դժգոհում են, որ համատիրության նախագահի երեք տարվա գործունեության ընթացքում իրենք որեւէ փոփոխություն չեն տեսել բազմաբնակարան շենքում:
«Սեբաստիա» համատիրության նախագահ Սասուն Բադալյանի հետ ունեցած NEWS.am-ի հարցազրույցը տեսանյութում:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի











