Ի պաշտպանություն Մաշտոցի այգու, բնապահպան ակտիվիստների ակցիային են միացել բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու այգում «բուտիկներ» տեղադրելու դեմ:
Մասնավորապես, այգի են ժամանել դերասան Հովհաննես Ազոյանը (Հովո), «Կարգին Սերիալ»-ի հեղինակներից Հայկ Մարությանը (Հայկո), դերասաններ Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը, նաեւ հեռուստահաղորդավարներ Նվեր Մնացականյանը (Հ1), Արթուր Կիրակոսյանը («Երկիր մեդիա»):
Հովհաննես Ազոյանն իր խոսքում նշել է. «Եթե չես տնկում ծառ, գոնե մի ոչնչացրու, դա վերադառնալու է այն մարդկանց, ովքեր անում են այս ոճրագործությունը ծառերի նկատմամբ: Ես կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր հեռուստաէկրաններից չեն իջնում եւ անընդհատ գովերգում են Երեւանը, գովերգելով Երեւանը գովերգում են նաեւ իրենց, թող հիմա գան ու խոսեն, եթե դեմ են այգու ոչնչացմանը: Եթե դեմ եք, էլ իրավունք չունեք ասելու «Երեւանը ես եմ» «Հայաստանը դու ես»: Դրանք դառնում են արդեն անհասկանալի բառեր: Եղեք ակտիվ, սա հո քաղաքական հարց չի, որ վախենում եք»:
Հայկ Մարությանն իր հերթին նշել է. «Ես շատ պարզ մի բան եմ ասում, դուք որտե՞ղ եք տանում ձեր երեխաներին զբոսնելու, ասում են հենց այս այգին, որովհետեւ իրոք միակն է մնացել... Կարելի է յուրաքանչյուր տարածք չբարեկարգել, հետո ինչ ուզել այնտեղ կառուցել, Փաստացի բարեկարգված չի, եկեք բարեկարգենք»:
«Կոչ կանեի բնության հետ համերաշխ ապրել, պահպանել որոշ նորմեր, կան բաներ, որ արդեն չի կարելի»,- ասել է Նվեր Մնացականյանը:
Դերասան Երվանդ Մանարյանի խոսքով, պատմության բոլոր ընթացքներում այդպես է եղել` մեկը սարքել է, մյուսը` քանդել, հիմա ով որ ուժեղ է, նա էլ տերը կլինի: «Իմացեք, որ դուք եք ուժեղը»,- դիմելով երիտասարդ բնապահպաններին ասել է նա:
«Ցանկացած անօրեն շարժի դեմ բողոքողի կողքին ես պատրաստ եմ կանգնել, որովհետեւ դա սեփական արժանապատվության եւ իրավունքի արտահայտչամիջոց է»,- հայտարարել է դերասան Աշոտ Ադամյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











