2016–ի ապրիլյան պատերազմը կուլմինացիան էր մոտավորապես 1.5 տարի տևած հսկայական լարվածության, որն ի վերջո բերեց լայնածավալ բախումների, որի հետևանքով ունեցանք և՛ տարածքային կորուստ, և՛ աննկարագրելի և շատ թանկ մարդկային կորուստ։  Այս  մասին, այսօր՝ ապրիլի 2–ին, ապրիլյան քառօրյա պատերազմի 10–րդ տարելիցի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Ավետիք Քերոբյանը։

«2016 թվականի ապրիլին ես ինքս որոշում կայացրեցի, որ պետք է վերադառնամ Հայաստան, մինչ այդ մոտավորապես 10 տարի ապրում էի արտասահմանում։ Վերադարձա և լծվեցի հայրենիքի պաշտպանության գործին, սկզբից ռազմարդյունաբերության ոլորտում, իսկ 2020–ի սեպտեմբերին կամավորագրվեցի և կանգնեցի Արցախի և Հայաստանի պաշտպանության գործին։

Այստեղ գտնվող տղաները իմ ընկերներն են, իմ եղբայրներն են, միայն հայրենակիցներս չեն, ինձ օրինակ տված և օրինակ ծառայած մարդիկ են։ Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք ոչ միայն հիշել իրենց, այլև հիշեցնել մեզ, թե ովքեր են եղել Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը հայրենիքի համար, և ովքեր մենք պետք է լինենք մեր հայրենիքի համար»։

Դիտարկմանը, որ այսօր իշխանությունները պնդում են, որ արցախյան շարժման էջը փակված է և այդ մասին խոսելը դուռէ բացում պատերազմի համար, Քերոբյանն ասաց. «Քաղաքական գործիչները ինչ էլ ասեն, ես կհիշեցնեմ Լեոնիդ Ազգալդյանի խոսքը, որ ինչ էլ որոշեն կամ ինչ էլ ասեն իշխանական կամ ոչ իշխանական քաղաքական ուժերը՝ այս կամ այն նկատառումներից ելնելով, սա Հայաստանը և վերջ։ Ով ուրացավ հայի ինքնությունը և հայի պատմությունը, նա այլևս հայ չէ և հայ չի կարող կոչվել։ Ինչքան էլ փորձեն մոռացության տալ, փորձեն համոզել, որ պետք է փակել այդ էջը չի հաջողվելու։

Պնդումը, որ եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի, հակաժողովրդավարական է, որովհետև իրենք չեն որոշողը, որոշողը ժողովուրդն է։ Չմոռանանք, որ այսօրվա կառավարություն կոչվածը իրականում իրեն գործընկեր է համարում Թուրքիային և Ադրբեջանին։

Այսօր շատ են խոսում ՀԱՊԿ-ը 2020–ին և 2022–ին իր կանոնադրությանը համաձայն գործողություններ չի կատարել, չի եկել պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածը ասում է, որ Հայաստանի վրա զինված հարձակման, դրա սպառնալիքի կամ պատերազմ հայտարարելու դեպքում ՀՀ կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն և իրականացնում է մասնակի կամ լրիվ զորահավաք, որը այս կառավարությունը 2021–ին, 2022–ին, 2023–ին չի արել։ Սահմանադրեխախտ է այսօրվա վարչախումբը, որովհետև չի իրականացել 119-րդ հոդվածով նախատեսված գործողությունները։ Ընդորում այդ գործողությունները ոչ թե հայեցողական են, այլ պարտադիր են, հետևաբար անիմաստ է քննարկել այս կամ այն դրվագին վերաբերող հայտարարությունները։ Պետք է քննարկել մի բան՝ սահմանադրախախտ իշխանության հեռացման գործընթացը»։