Վերաքննիչ դատարանում, այսօր՝ ապրիլի 9–ին, ընթանում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր  ճանաչել  եւ դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Առաջին ատյանի դատավճռի դեմ բողոքներ են ներկայացրել թե պաշտպանական, թե մեղադրող կողմերը: Պաշտպանական կողմը պահանջում է առաջադրված մեղադրանքում ամբողջությամբ արդարացնել, կամ քրեական գործը Դավիթ Համբարձումյանի մասով ըստ տարածքային ընդդատության ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ սահմանելով նոր քննության ծավալները:

Իսկ մեղադրող կողմը պահանջում է վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով քննության, բացի այդ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5.000.000 ՀՀ դրամ գումարը դարձնել պետության եկամուտ:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թ հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար: Նա մեղադրանքը չի ընդունում։