Նախաքննական գաղտնիքով սահմանափակված լինելով չեմ կարող ամբողջական տվյալ ներկայացնել, պարզապես մեկ հանգամանք նշեմ, դատարանի կողմից երկու դրվագից մեկի վերաբերյալ հիմնավոր կասկածը չի հաստատվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի ձերբկալմանն ու ազատ արձակմանը։

Նա չցանկացած նշել, թե որ դրվագի մասին է խոսքը. ««Առնվազն արձանագրեմ, որ մեկ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի ապացուցման շեմը չի հաղթահարել։ Այսինքն այստեղ ոչ միայն հիմքերի տեսանկյունից էր մեր բանավեճը դատարանում և դիրքորոշումների ներկայացումը, այլ նաև պայմանի։ Կարող եմ ասել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի՝ այն է, ընտրական որևէ ձևով գործընթացի հետ առնչվելու տեսանկյունից հերքող տվյալները ներկայացվել են»,–ասաց նա։