Մարդու իրավուքների վիճակը Հայաստանում չի լավացել, եթե չասենք, որ վատացել է: Այս մասին, այսօր` փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Նրա խոսքով, իր համար «ամենատանջված» թեման բանտերն է, քանի որ Արդարադատության նախարարությունը խախտելով օրենքը, թույլ չի տվել, որ այնտեղ մոնիթորինգ անցկացնեն: Հավանաբար, ըստ Դանիելյանի, նախորդ տարվա մոնիթորինգի արդյունքներ իրենց դուր չի եկել եւ նրանք նշել են, որ թե’  քրեակատրողական հիմնարկների աշխատակիցների, թե’ կալանավորների համար առաջացրել է օբյեկտիվ դժգհություն:

Հելսինկյան ասոցիացիայի ղեկավարի ներկայացմամբ, իրենք մոնիթորինգն իրականացրել են 2010-2011թ-ին բանտերից ազատված նախկին դատապարտյալների շրջանում: «Հրայր Թովմասյանի խոսքը, թե ՔԿՀ-ներում իրավիճակը լավացել է, իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա, հավելելով, որ իրենք դժգոհ են նաեւ փաստաբանների մասին օրենքի փոփոխություններից:

Անդրադառնալով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործին, Մ. Դանիելյանը նշեց, որ իրենք ապացուցել են, որ նա, իրոք, մեղավոր չէ:

Ըստ իրավապաշտպանի, Հայաստանում իրավիճակն անմխիթար է խղճի, դավանանքի ազատության հարցում: Նա տեղեկացրեց, որ մինչեւ հիմա բանտերում է գտնվում 50-ից ավելի Եհովայի վկա, ովքեր կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում են ծառայել բանակում: Ավելին` նրանք Եվրոպական դատարանում արդեն չորս գործ են շահել, բայց դա Հայաստանում որեւէ փոփոխության չի բերել: «87 մարդ կա, որոնց համարում ենք խղճի գերի: Տիգրան Առաքելյանին (ՀԱԿ-ի ակտիվիստ) եւս համարում ենք խղճի գերի»,- ընդգծեց Դանիելյանը եւ ավելացրեց, որ տնտեսական առումով եւս իրավունքների պաշտպանության հարցը բարցիթողի վիճակում է: