Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք 5000 զոհ ունեցել, ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք Արցախ կորցրել, ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք սրբավայրեր ավերված տեսել, ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք գերիներ ունեցել այսքան թվով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ նախորդ իշխանությունների ժամանակ եկեղեցին նման ակտիվ քաղաքական խոսույթով հանդես չէր գալիս։
«Հիմա, երբ այս դեպքերը նկատի ունենալով եկեղեցին ձայն է բարձրացնում, նշանակում է, այն ժամանակ չէին խոսում, հիմա խոսո՞ւմ են։ Այն ժամանակ իշխանությունները կարողանում էին այնպես անել, որ այս ողբերգական դեպքերը տեղի չունենան։ Հիմա միգուցե ասեն ես էլ եմ քաղաքական խոսույթ օգտագործում, բայց ես պատասխանում եմ իրենց։
Ավելին ասեմ, այս պնդումն էլ է կեղծ, որովհետեւ նախկին իշխանությունների ժամանակ, երբ եղել են ոչ ընդունելի դեպքեր, եկեղեցին և բարձրաստիճան եկեղեցականները խոսել են, օրինակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը միշտ էլ խոսել է։
Մյուս կողմից, Հայ առաքելական սուրբ եկեղեցին միայն Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդկանց եկեղեցին չէ։ Հիմա որ Հայոց պատմություն առարկան դարձավ Հայաստանի պատմություն, սրա մասին մենք բարձրաձայնում ենք, բա չասե՞նք։
Ի՞նչ է նշանակում՝ «Հայաստանի պատմություն», ի՞նչ է հայոց պատմությունը կիլիկյան շրջան չի ունեցե՞լ, արևմտյան Հայաստան չի ունեցե՞լ, սփյուռք չի ունեցե՞լ, կամ չունի՞։ Հայ երեխան, երբ պատմությունը կարդում է, միայն այս «իրական Հայաստան» կոչվածի մասին պիտի սովորի՞։ Տիգրան Մեծին, որ ցիտում էին, ինչի՞ էիք ցիտում, Տիգրան Մեծը Հայաստանի Հանրապետությունում չէր ապրում, դե մի ցիտեք, մի հպարտացեք նրանով»,–ասաց նա։
Տեր Փառենը նկատեց, որ Վեհափառ Հայրապետը գրեթե 10 միլիոն հայերի կաթողիկոսն է, որից միայն 3 մլն–ն է ապրում Հայաստանում, հետևաբար, նա ավելի շատ սփյուռքի հայերի կաթողիկոսն է. «Սփյուռքում ավելի շատ հայեր են ապրում, բնականաբար ավելի շատ պատվիրակներ պիտի ունենան Ազգային եկեղեցական ժողովի մեջ»։
Դիտարկմանը՝ կարելի՞ է ասել, որ «եկեղեցու բարենորոգման» իշխանությունների ծրագիրը ձախողվել է, Տեր Փառենն ասաց. «Այս ծրագիրը ի սկզբանե դատապարտված է ձախողվելու, որովհետև այն ուղղված է եկեղեցու դեմ, իսկ եկեղեցու դեմ յուրաքանչյուր ծրագիր դատապարտված է ձախողման։ Ինչքան էլ մենք զգուշանանք կամ ինչքան էլ մարդիկ լսելով այդ նախընտրական ծրագրի կետերը, միգուցե վախենան կամ ասեն եկեղեցին այս ինչ պիտի լինի, եկեղեցին միշտ իր տեղում կանգուն է մնալու և որևէ կետ այդ կետերից չի լինելու։ Այդ կետերից որևէ մեկը իրականություն չի դառնալու։ Ոչ մի կետն էլ քննադատության չի դիմանում։
Սրանք ոչ ընդունելի խոսույթներ են, որովհետև չի կարող նախընտրական ծրագրի մեջ լինել Վեհափառին հեռացնելու իրենց այդ երազանքը։ Ժողովուրդը երբեք չի ուզում, որ Ամենայն հայոց կաթողիկոս փոխվի։ Իրենք խոսում են ժողովրդի անունից և իրենց ծրագրի մեջ ներառելով նաև եկեղեցուն վերաբերող այդ կետը, երկընտրանքի առաջ են կանգնեցնում այն մարդկանց, որոնք ուզում են իրենց ընտրել։
Ժողովրդին փոթորկում են, ուզում են իրենց կարծիքը ժողովրդի կարծիք դարձնել և հրամցնել մարդկանց»։











