WikiLeaks կայքի կողմից ամերիկյան հետախուզական-վերլուծական Strategic Forecasting Inc. (Stratfor) ընկերության փադտաթղթերի  եւ նրա աշխատակիցների նամակագրության հրապարակումներն անօրինական են համարվում, հայտարարել է  ընկերության նախագահ Ջորջ Ֆրիդմանը:

Նա նշել է, որ WikiLeaks-ում հրապարակված նյութերում կարող են լինել նաեւ կեղծ փաստեր, եւ ահաբեկչությունների սխալ ներկայացում, սակայն Stratfor-ը դրանցից ոչ մեկի համար էլ կոնկրետ մեկնաբանություն չի տա:  «Մի քանիսն էլ կարող են իսկական լինել», -ասվում է  Stratfor-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրենի տեսագրության մեջ:

Ընկերության նախագահը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն ոչ ժխտել հրապարակված նամակագրության իրականության համապատասխանությունը, ոչ էլ մանրամասնել, թե ինչ են նկատի ունեցել: «Մեր սեփականությունը գողացվել է, եւ մենք չենք ուզում կրկնակի տուժած կողմ լինել, երբ մեզ հարցնում են մեզանից իսկ գողացված փաստաթղթերի բովանդակության մասին», - հայտարարել է Ֆրիդմանը:

Ֆրիդմանը ներողություն է խնդրել իր գործընկերներից, վերլուծաբաններից, փորձագետներից եւ օգտվողներից WikiLeaks-ի գործողությունների համար: Ֆրիդմանը նաեւ նշել է, որ Stratfor-ը մասնավոր ընկերություն է, որը ոչ մի կապ չունի պետական կառույցների հետ, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:  

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին WikiLeaks-ն սկսել էր  Stratfor-ի` այսպես կոչված «ստվերային ԿՀՎ-ի» փաստաթղթերի հրապարակումը:  Կայքը հրապարակում է ընկերության աշխատակիցների` 2009 թվականի հուլիսից մինչեւ 2011 թվականի դեկտեմբերը միմյանց գրած էլեկտրոնային նամակները:

Այդպես արդեն կայքը հրապարակել է փաստաթղթեր, որոնք պարունակում էին իսրայելական հետախույզի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը ոչնչացրել է Իրանի ամբողջ միջուկային վերգետնյա ենթակառուցվածքը, ինչպես նաեւ նամակ էր հայտնվել, որը վկայում էր այն մասին, թե Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան  Stratfor-ի տեղեկատուն է: