Իսրայելը ոչնչացրել է Իրանի միջուկային օբյեկտների ամբողջ վերգետնյա ենթակառուցվածքը: Այդ մասին ասվում է ամերիկյան «ստվերային ԿՀՎ»` հետաքննչական-վերլուծական Stratfor ընկերությանն ուղարկված էլեկտրոնային նամակում, որը փետրվարի 27-ին հրապարակել է Wikileaks-ը:
2011-ի նոյեմբերի 7-ի նամակում նշված է իսրայելական հետախուզության աշխատակցի խոսքերը: Մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը ռազմական օպերացիա է պատրաստում Իրանի դեմ, նա ասում է. «Կարծում եմ, որ դա շեղող մանյովր է:
Իսրայելը մի քանի շաբաթ առաջ արդեն վերացրել է իրանական միջուկային օբյեկտների վերգետնյա ենթակառուցվածքը»:
Իսրայելական աղբյուրը ակնարկում է, որ Իրանի հետ հակամարտությունը եվրոպական երկրների դավադրության մի մասն է: Նրա խոսքով, «եկեք հարձակվենք Իրանի վրա» կարգախոսով կամպանիան նախաձեռնվել է եվրոպական առաջնորդների կողմից, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունը ներքին ֆինանսական խնդիրներից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Wikileaks-ում հրապարակված աղբյուրի խոսքերը:
Միաժամանակ, այսօրվա հրապարակման մեջ հիշատակվում է իրանցի գիտնականների հետ տեղի ունեցած մի շարք պատահարները:
Մասնագետները ենթադրում են, որ խոսքը պաշտպանողական գործողության մասին է, որով ցանկանում են հասարակական կարծիքը շեղել Գազայի հատվածում ստեղծված իրադրությունից, ինչպես նաեւ հենց Իսրայելում առկա ֆինանսական խնդիրներից:
Նշվում է, որ Իսրայելն Իրանի հանդեպ գաղտնի մեթոդներ է կիրառել` նրա տարածքում մի շարք գործողություններ իրականացնելով:
Վերլուծաբանները կարծում են, որ այդ շեղող մանյովրների հետեւանքով Գազայի հատվածի վրա լուրջ հարված կկազմակերպվի, ինչպես նաեւ «Հըզբոլահի» դեմ օպերացիա կլինի Լիբանանում, գրում է «Կուսոր»-ը:
Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը սկսել է հրապարակել Strategic Forecasting Inc. (Stratfor) փաստաթղթերը: Կհրապարակվեն ավելի քան հինգ միլիոն նամակներ, որոնք գրվել են 2004 հուլիս եւ 2011 դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:



























