Մաշտոցի այգում քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանությունը պետք է ցրի այգում շուրջօրյա նստացույց անող բնապահպան ակտիվիստներին, պատճառաբանելով, որ արգելվում է վրան տեղադրել կիսակառույց կրպակների մոտ: Մինչ այդ ակտիվիստները միայն մեկ վրան էին տեղադրել:
Ինչպես Մաշտոցի պուրակից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Նազարյանի եւ բնապահպանների միջեւ բանակցությունների արդյունքում, որոշում կայացվեց, որ երկրորդ վրանը բնապահպանները չեն տեղադրում, իսկ ոստիկաններն իրենց կողմից խոստացան, որ գիշերը վրանում անցկացնող մի քանի տասնյակ ակտիվիստներին չեն ցրի եւ որեւէ խոչընդոտ չեն ստեղծի:
Ավելին, Ռ. Մելքոնյանը բնապահպանների հետ զրույցում նշեց, որ հիանում է երիտասարդների պայքարով, նրանց կամքով եւ շատ է հարգում նրանց: Նա նաեւ կոչ արեց ակտիվիստներին լավ լինել իրար հետ, մասնավորապես, նշելով. «Կառուցելը դժվար է, քանդելը` հեշտ, եկեք միասին կառուցենք»: Ոստիկանների եւ բնապահպանների միջեւ հանդուրժողական մթնոլորտ է տիրում:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց բնապահպան Եղիա Ներսիսյանը, մոտ 2 տասնյակ ակտիվիստներ գիշերելու են այգում:
Այս պահին Մաշտոցի այգում մի քանի տասնյակ ոստիկաններ կան, ովքեր արգելապատնեշների մոտ հսկում են կառուցված շինությունների տարածքը:











