Մաշտոցի այգում շուրջօրյա նստացույց իրականացնող բնապահպան ակտիվիստների վրանը ոստիկանները հավաքել, տարել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստներից Կարեն Հարությունյանը: Նա պատմեց, որ ոստիկանները եկան, շատ կոպիտ ձեւով վրանը քաշեցին եւ տարան:
Բնապահպաններն այս պահին հավաքված են այգում եւ վանկարկում են «Ամոթ»: Ակտիվիստի փոխանցմամբ` հավաքվել են մեծ թվով ոստիկաններ, ովքեր, հավանաբար, չեն ուզում թույլ տալ ակտիվիստներին գիշերել վրանում, բայց առայժմ հեռանալու, այգին լքելու պահանջ չեն ներկայացրել:
Քաշքշուկ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ այս պահին չկա, սակայն այգում լարված մթնոլորտ է:
Նշենք, որ երեկ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Նազարյանի եւ բնապահպանների միջեւ բանակցությունների արդյունքում, որոշում կայացվեց, որ երկրորդ վրանը բնապահպանները չեն տեղադրում, իսկ ոստիկաններն իրենց կողմից խոստացան, որ գիշերը վրանում անցկացնող մի քանի տասնյակ ակտիվիստներին չեն ցրի եւ որեւէ խոչընդոտ չեն ստեղծի:











