Հանրապետական դառնալու որոշումը «Առավոտ» օրաթերթի թղթակից Մարգարիտ Եսայանի համար դժվարությամբ է տրվել: Այդ մասին լրագրողը հայտնեց ՀՀԿ գրասենյակում` մի ամբողջ շարք հայտնի անձանց հանրապետականի վկայականներ եւ կրծքանշաններ բաժանելու արարողությունից հետո կայացած ճեպազրույցում:
«Ես երբեք այլ կուսակցության անդամ չեմ եղել: Մտածեցի` եթե կյանքիս առաջին մասը անկուսակցական եմ եղել, որոշեցի մյուս մասն ապրել որպես կուսակցական: Ընտրությունը բնական կհամարեն բոլորը, որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ կուսակցության հետ, կուսակցության նախագահի հետ, ես հավատում եմ բոլոր այն բաներին, որ ասում է այս կուսակցությունը»,- նշեց նա:
Հանրապետական է դարձել նաեւ պատգամավոր Արա Բաբլոյանը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է, սակայն նախկինում անկուսակցական էր: «Մեզ համար կարեւոր էր այն, ինչ առաջ է քաշում մեր նախագահը, որ հավատանք, որպեսզի փոխվենք»,- նշեց նա:
Իսկ ահա ՀՀԿ-ին նոր անդամագրված ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանն էլ նշեց. «ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում ներկայանալի կենսագրություն, ինձ համար` իբրեւ հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու, ընդունելի գաղափարախոսություն, հստակ նպատակ եւ մեր պետության զարգացմանն ուղղված իրատեսական ծրագրեր ունեցող քաղաքական ուժ է: Նախագահի աշխատաոճը, մոտեցումները, սկզբունքներն ինձ համար հոգեհարազատ ու ընդունելի են: Քաղաքականություն մտնելով` ցանկանում եմ նախագահի քաղաքական թիմում եւս իմ հնարավորությունների, կարողությունների ներդրմամբ օգտակար լինել կուսակցությանը եւ նրա միջոցով` մեր պետությանը, որի քաղաքացին եմ ես, որտեղ ապրում ու ապրելու է իմ ընտանիքը:
Ինձ համար եւ վստահ եմ` իմ գաղափարական ընկերների, ովքեր այսօր անդամագրվեցին Հանրապետական կուսակցությունը, մեծ պատիվ եւ պատասխանատվություն է կուսակցական անդամատոմսն ստանալ անձամբ կուսակցության եւ Հանրապետության նախագահից: Այսօրվանից մեզնից յուրաքանչյուրն ստանձնում է նաեւ քաղաքական պատասխանատվություն: Համոզված եմ, մենք պատվով ենք կրելու այդ պատասխանատվությունը»:
NEWS.am-ի թղթակցի հարցին, արդյոք նորելուկ հանրապետականները լինելո՞ւ են ՀՀԿ համամասնական ընտրացուցակում, Բաբլոյանն ասաց, որ «եթե լինեն, իրենց համար պատիվ է»:
Համամասնական ընտրացուցակում հայտնվելու վերաբերյալ տեղյակ չէր նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանը: «Չգիտեմ, գաղափար չունեմ, ես այդ հարցով չեմ հետաքրքրվել»: Տեղյակ չէր նաեւ շոումեն Կարեն Ղազարյանը:
Շուշան Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ հանրապետական կուսակցության գաղափարախոսությունն իր համար սիրելի է, ուստի ընդունել է հանրապետական դառնալու առաջարկը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ նշեց, թե իր մեջ ի վերջո հաղթեց քաղաքական գործիչը: Նա այսօր որպես հանրապետական շփվել է կուսակցության ղեկավարի հետ եւ զգացել, որ շեշտադրումները փոխվել են: Թովմասյանը հուսով է, որ իր անդամակցությունը ՀՀԿ-ին կօգնի ավելի մեծ մասնակցություն ունենալ ոլորտի հարցերը լուծելու ընթացքում:
Միայն Գագիկ Աբրահամյանը` Արա Աբրահամյանի եղբայրը հայտնեց, որ չի առաջադրվելու ոչ համամասնական, ոչ մեծամասնական ընտրակարգով:











