Կասկադի հարթակից իրեն ցած նետած 16-ամյա աղջկա ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործը Ոստիկանության Երեւանի քննչական վարչությունում 2011թ նոյեմբերի 15-ին կասեցվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` գործը կասեցվել է հանցագործի «անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ»: Նշենք, որ գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Այն կվերսկսի նոր հանգամանքներ ի հայտ գալուց հետո:
Փորձեցինք Դատաբժշկական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանից ճշտել, թե 16-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն եղել է, թե` ոչ: Նա նշեց, որ դատաբժշկական փորձաքննության պատասխանն ինքը չի կարող ասել, պետք է իմանանք քննիչից: Իսկ այդ գործով քննիչն այժմ չի աշխատում, գործն էլ, ինչպես նշվեց, կասեցվել է:
Նշենք, որ այս դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, այնուհետեւ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Դրանից հետո գործն ուղարկվել է դատախազություն, իսկ հետո` Ոստիկանության Երեւանի քննչական վարչություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 28-ի երեկոյան ժամը 22:30-ին Կասկադի վերեւի հատվածից, Երեւանի խորհրդանիշի հարեւանությամբ գտնվող Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից, ցած է նետվել 16-ամյա Տաթեւիկ Ս.-ն եւ տեղում մահացել: Պարզվել է, որ աղջիկը վերջերս է վերադարձել Ռուսատանից` անձնագիր ստանալու համար: Ինքնասպանություն գործելուց առաջ աղջիկը հարթակի երկու կողմերում է թողել բջջային հեռախոսն ու դրամապանակը, որի մեջ եղել է 6 հազար ՌԴ ռուբլի:
Ինքնասպանության փաստի վերաբերյալ Արաբկիրի բաժնում ի թիվս այլ վարկածների, քննարկվում է վարկած, ըստ որի նրա եղբայրը` Վիգեն Գասպարյանը (նույն մորից են, տարբեր հորից) քրոջ վրա «ղումար է խաղացել»: Ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկված Վիգեն Գասպարյանը պատմել է, որ ինքը Աբովյանում իրենց շենքի հարեւանությամբ գործող բիլիարդանոցում 100 հազար դրամ խաղագումար է կրվել Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ պետ Մարատ Գրիգորյանի եղբոր` Աշոտի որդուն` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող Մամիկոն Գրիգորյանին` Մամոյին: Վիգենի խաղագումար պարտվելու մասին իմացել են նրա բարեկամները:
Հարազատներից Նվերը Բելգիայից զանգահարել է գաղութի պետի եղբորը` Աշոտին եւ կարողացել է 100 հազար պարտքը դարձնել 50 հազար: Ի դեպ, Աշոտ Գրիգորյանն իր պատիժն է կրում կալանավայրում: Նա դատապարտվել է անցյալ տարի, երբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմաց ոստիկանները զինաթափել ու վնասազերծել էին մեծ թվով անձանց, այդ թվում` Աշոտին:
Այդ 50 հազարը Վիգենին ուղարկել է Թալինում ապրող թոշակառու տատը, սակայն գումարը ստանալուց հետո Վիգենը ոչ թե վերադարձրել է պարտքը, այլ վերադարձել է Աբովյան եւ Կինոյի շենքում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք է կատարել ու պարտվել նաեւ այդ գումարը:
Նա իր այդ քայլը ոստիկաններին բացատրել է նրանով, որ ցանկանում էր կրկնապատել 50 հազարը, որպեսզի կարողանար վերադարձնել նաեւ տատու պարտքը:
«Տոտոյից» դուրս գալուց հետո, ըստ Վիգենի, իրեն զանգահարել են եւ ասել, որ «խոսալու բան կա»: Նրան կանչել են Աբովյանի 7-րդ դպրոցի մոտ գտնվող «լճի սադ» եւ երեք հոգով քաշքշել ու անգամ գրասենյակային դանակ-սրիչով վնասվածք պատճառել իրեն, որից հետո դիմել են փախուստի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով: Այս փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժին են հրավիրվել Մարատ Գրիգորյանը, նրա որդին` Մաքսիմ Գրիգորյանը` «Մաքս» մականունով եւ Աշոտի որդին` Մամիկոն Գրիգորյանը` Մամոն:
Կար վարկած, որ Վիգենի 16-ամյա քրոջ ինքնասպանությունը կապ ունի Վիգեն Գասպարյանի պարտքային խնդիրների հետ, մասնավորապես` ինչ-որ անձինք եղբոր ղումարը փակվելու դիմաց պահանջել են իրեն: Աբովյանցիները չեն բացառում, որ հնարավոր է, որ Տաթեւիկի նկատմամբ սեռական ոտնձգություններ էլ կատարած լինեն, սակայն վերջնական եզրակացությունը կտա դատաբժշկական փորձաքննությունը: Քրոջ թաղումից հետո Թալինում ինքնասպանության փորձ է արել նրա եղբայր Վիգենը, որը կանխվել է:











