Կասկադի հարթակից մայիսի 28-ին իրեն ցած նետած 16-ամյա աղջկա ինքնասպանության փաստի վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում ի թիվս այլ վարկածների, քննարկվում է նաեւ վարկած, ըստ որի նրա եղբայրը իր վրա ղումար է խաղացել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 29-ի կեսգիշերին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ մեկ-երկու օր առաջ Աբովյան քաղաքի թիվ 7-րդ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Սեւանի փողոցի բնակիչ 18-ամյա Վիգեն Գասպարյանի հետ, ով ինքնասպան եղած 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանի եղբայրն է (նույն մորից են, տարբեր հորից):
Ոստիկանության Կոտայքի բաժնին բերման ենթարկված Վիգեն Գասպարյանը պամում է, որ ինքը Աբովյանում իրենց շենքի հարեւանությամբ գործող բիլիարդանոցում 100 հազար դրամ խաղագումար է կրվում Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ պետ Մարատ Գրիգորյանի եղբոր` Աշոտի որդուն` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող Մամիկոն Գրիգորյանին` Մամոյին: Վիգենի խաղագումար պարտվելու մասին իմանում են նրա բարեկամները: Հարազատներից Նվերը Բելգիայից զանգահարում է գաղութի պետի եղբորը` Աշոտին եւ կարողանում է 100 հազար պարտքը դարձնել 50 հազար: Ի դեպ, Աշոտ Գրիգորյանն իր պատիժն է կրում կալանավայրում: Նա դատապարտվել է անցյալ տարի, երբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմաց ոստիկանները զինաթափել ու վնասազերծել էին մեծ թվով անձանց, այդ թվում` Աշոտին:
Այդ 50 հազարը Վիգենին ուղարկում է Թալինում ապրող թոշակառու տատը, սակայն գումարը ստանալուց հետո Վիգենը ոչ թե վերադարձնում է պարտքը, այլ վերադառնում է Աբովյան եւ Կինոյի շենքում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք կատարում ու պարտվում նաեւ այդ գումարը:
Նա իր այդ քայլը ոստիկաններին բացատրել է նրանով, որ ցանկանում էր կրկնապատել 50 հազարը, որպեսզի կարողանար վերադարձնել նաեւ տատու պարտքը:
«Տոտոյից» դուրս գալուց հետո, ըստ Վիգենի, իրեն զանգահարել են եւ ասել, որ «խոսալու բան կա»: Նրան կանչել են Աբովյանի 7-րդ դպրոցի մոտ գտնվող «լճի սադ» եւ երեք հոգով քաշքշել ու անգամ գրասենյակային դանակ-սրիչով վնասվածք պատճառել իրեն, որից հետո դիմել են փախուստի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով: Այս փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժին են հրավիրվել Մարատ Գրիգորյանը, նրա որդին` Մաքսիմ Գրիգորյանը` Մաքս մականունով եւ Աշոտի որդին` Մամիկոն Գրիգորյանը` Մամոն:
Կա վարկած, որ Վիգենի 16-ամյա քրոջ ինքնասպանությունը կապ ունի Վիգեն Գասպարյանի պարտքային խնդիրների հետ:
Մայիսի 29-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում աբովյանցիները նշել են, որ ոստիկանությունը պետք է օբյեկտիվ քննություն կատարի պարզելու համար, արդյոք 16-ամյա Տաթեւիկը ինքնասպանության է դիմել այն պատճառով, որ ինչ-որ անձինք եղբոր ղումարը փակվելու դիմաց պահանջել են իրեն: Աբովյանցիները չեն բացառում, որ հնարավոր է, որ Տաթեւիկի նկատմամբ սեռական ոտնձգություններ էլ կատարած լինեն, սակայն վերջնական եզրակացությունը կտա դատաբժշկական փորձաքննությունը:
Ավերի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 28-ի երեկոյան ժամը 22:30-ին Կասկադի վերեւի հատվածից, Երեւանի խորհրդանիշի հարեւանությամբ գտնվող Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից, ցած է նետվել 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանը եւ տեղում մահացել: Պարզվել է, որ ինքնասպան աղջիկը վերջերս է վերադարձել Ռուսատանից` անձնագիր ստանալու համար: Ինքնասպանություն գործելուց առաջ աղջիկը հարթակի երկու կողմերում է թողել բջջային հեռախոսն ու դրամապանակը, որի մեջ եղել է 6 հազար ՌԴ ռուբլի:

















Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























