News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Google որոնման համակարգն այսօր հարգանքի տուրք է մատուցում հնագետին, որը 1922 թվականին հայտնաբերել է Թութանհամոնի դամբարանը։ Հովարդ Քարթերի ծննդյան օրվա առթիվ   Google-ը տոնական տարբերանշան է պատրաստել, որում պատկերված է իր հայտնաբերած եգիպտական հին գանձերով զմայլվող բրիտանացի հնագետը։

Հովարդ Քարթերը ծնվել է 1873 թվականի մայիսի 9-ին՝ անգլիական Նորֆոլք կոմսությունում։ 1891 թվականին նա ընդունվել է Եգիպտոսի հնագիտական հետազոտությունների Բրիտանական կազմակերպություն, եւ Եգիպտոսում մասնակցել է մի քանի հնագիտական արշավների ու բացահայտել է Հաթշեփսութ  տաճարը։ 1899-1905 թվականներին նա եղել է հնությունների Եգիպտական մասնաճյուղի գլխավոր տեսուչը։
1906 թվականին Քարթերը ծանոթացել է լորդ Քարնավոնի հետ, որը գումար է տվել Եգիպտոսում Թագավորների դաշտավայրում պեղումների համար։ Գործընկերները պեղումներն սկսել են 1914 թվականին։ Նրանք բացահայտել են Ամենհոտեպ I-ի եւ այլ արքաների դամբարանները, սակայն ստիպված են եղել իրենց գործունեությունն ընդհատել  Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով, հայտնում է Calend-ը։

1922 թվականին Քարթերը գտել է ձեռք չդիպած դամբարանի քողարկված մուտքը։ Դա Թութանհամոն փարավոնի կորսված դամբարանն էր։  1923 թվականի փետրվարի 16-ին  նրանք դամբարան են իջել եւ հայտնաբերել անսահման գանձեր, սգո պարագաներ, արվեստի պարագաներ՝ ավելի քան 3,5 հազար միավոր։ Ամենահայտնի նմուշն է դարձել Թութանհամոնի դիմակը, որը պատրաստված է եղել մաքուր ոսկուց։ 

Այդ բացահայտումը դարձել է եգիպտագիտության ամբողջ պատմության ամենախոշորը եւ եգիպտական պատմության նկատմամբ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ Լորդ Քարնավոնը մահացել է  բացահայտումից երկու ամիս անց, եւ նրա մահը դարձել է Թութանհամոնի դամբարանի շուրջ առեղծվածի սկիզբը,  «փարավոնի անեծքի» այն լուրերի, որից մահացել էին պեղումների 22 մասնակիցներ։ 
Հովարդ Քարթերը մահացել է 1939 թվականի մարտի 2-ին Լոնդոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ