News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական դաշնակցությունը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով չի դիմելու Սահմանադրական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

«Մեր խնդիրը մեր ժողովրդի հետ է, ում ստրուկ են դարձրել»,- նշեց նա:

ՍԴ չդիմելու պատճառը, ՀՅԴ բյուրոյի անդամի մեկնաբանմամբ այն է, որ չեն վստահում այդ կառույցին, որովհետեւ այն նույն կեղծիքների համակարգի մի մասն է, ով ոչինչ չի փոխելու: Նա հույսեր  չի կապում ՍԴ-ի հետ եւ չի  կարծում, որ այդ կառույցին դիմելով` ՀԱԿ-ը որեւէ հաջողության կհասնի: «Միգուցե դա էլ է պայքարի անհրաժեշտ բաղկացուցիչ, բայց մեր դիրքորոշումն  այլ է»,- նշեց նա:

Ամեն դեպքում, Վահան Հովհաննիսյանը հավաստեց, որ եթե ՀԱԿ-ն ինչ-որ փաստական ապացույցներ ցանկանա արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, ապա իրենք պատրաստ են  դրանք տրամադրել:

Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատները չվերցնելուն, Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ, այդ հարցը դեռ չեն քննարկել, թեեւ ինքն անձամբ մանդատներից  հրաժարվելու պատճառ չի տեսնում: Նա չբացառեց նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակի խորհրդարան անցածներից որեւէ մեկի կողմից` մանդատից հրաժարվելը, ինչպես Հայ ազգային կոնգրեսի դեպքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց` նշելով, որ այդ հարցում եւս վերջնական որոշում չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ համամասնական համամասնական ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված են Վահան Հովհաննեսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշ Շահբազյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն: Մայիսի 8-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշել է, որ ՀԱԿ-ը դիմում է  Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ