News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԺ խմբակցությունները եւ պատգամավորական խումբը հայտարարություն են տարածել ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների կապակցությամբ:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտարարության մեջ ասվում է. «Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածությունը գնալով ավելի է սրվում: Հակառակորդը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկում նույնիսկ խաղաղ բնակչության հանդեպ: Եվ այդ ամենն իրականացնում է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:

Խստորեն դատապարտելով Հայաստանի եւ Արցախի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ եւ սադրիչ գործողությունները` մենք հայտարարում ենք.

-Ադրբեջանի ձեռնարկած ռազմական սադրանքները հետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու եւ տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ,

- միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,

- Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովուրդը վճռական է` պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը եւ զորացնելու իր անկախ ու ինքնիշխան պետությունը»:

Հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ