News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական  կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն, այսօր` փետրվարի 1-ի առավոտյան, եւս այցելել է Տպագրիչների 9 հասցեում հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելուց հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ գիշերվա համեմատ` վիճակը շատ ավելի կայուն էր, շոկային վիճակից դուրս էր եկել, ավելի հանգիստ էր զրուցում:

Էդուարդ Շարմազանովը հասցրել է Պարույր Հայրիկյանի հետ զրուցել եւ միջադեպի մասին մանրամասներ ճշտել: Նախագահի թեկնածուն բացառել է, որ պատահարը կենցաղային խնդիրներին առնչվի` շեշտելով, որ ինքը ոչ մի թշնամի չունի: «Ասաց մեքենայից իջել եմ, մի քիչ քայլել եմ, նկատել եմ մեկին, թեքվեցի, ձեռքը պարզեց, կրակեց, իմ ձեռքն ու իր մարմնի հեռավորությունը 20-30 սմ էր, դեմքը տեսել է, բայց չի հիշում, կրակոցից հետո օգնություն է կանչել, հետո էլ բան չէր հիշում»,- Էդուարդ Շարմազանովին պատմել է Հայրիկյանը:

ԱԻՄ ղեկավարը ՀՀԿ խոսնակին պատմել է նաեւ, որ ընդամենը մի հոգու է տեսել, դեմքը բաց է եղել, սակայն արտաքինի հետ կապված մանրամասներ չի հիշում:  Նախագահի թեկնածուն նաեւ ասել է, թե լսել է երկու կրակոց, որից մեկն է դիպել իրեն:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել  են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ