Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Զոհրաբ Զոհրաբյանի` ապրիլի 5-ին խոշոր վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
Գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով` հանցակազմի բացակայություն: Մամուլի քարտուղարն ասաց, որ Զոհրաբ Զոհրաբյանի վիճակն այժմ բավականին լավ է, բայց դեռեւս մեկ վիրահատության անհրաժեշտություն էլ կա` անրակի հատվածում: «Այս պահին հստակ որոշված չէ, թե երբ կլինի վիրահատությունը, քանի որ, ըստ բժիշկների, դեղորայքային կոմա ստացած մարդու համար նման վիրահատություն մի փոքր ժամանակ է պահանջում»,- ասաց Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի էր ենթարկվել ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով: Տեւական ժամանակ «Արմենիա» բժշկական կենտրոնում պառկելուց հետո նա տեղափոխվեց «Էրեբունի« բժշկական կենտրոն, որտեղ եւ վիրահատվել էր: Դրանից հետո նա ավելի քան 10 օր կոմայի մեջ է գտնվել, մի քանի անգամ վիրահատվել:
Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):





























