Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա երկրորդ ձերբակալված անձ: NEWS.am-ի աղբյուրներով՝ ձերբակալվել է զորամասից փախուստի դիմած մյուս կասկածյալը՝ 20-ամյա զինծառայող Պարույր Մկրտչյանը, ով զորակոչվել էր Սեւանից:
Ավելի վաղ այս գործի շրջանակներում ձերբակալվել էր 19-ամյա զինծառայող Շմավոն Կյուրեղյան, ով զորակոչվել էր Աբովյանից: NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը:





























