News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձեւ նախագծի ներկայացումը չի կարող ընդհանուր ամերիկյան քաղաքականության մի մասը չլինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

Նրա խոսքով, իհարկե,  նման նախաձեռնությունը դրական է, քանի որ մի քանի ամերիկյան նահանգներ օրենսդիր մարմինների մակարդակով արդեն իրենց վերաբերմունքն են հայտնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում եւ կոչ են արել երկրի իշխանություններին աջակցել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

«Եթե այդ հարցը քննարկման առարկա է դարձել Քալիֆորնիայի օրենսդիր կառույցում, ապա, իմ կարծիքով, անհրաժեշտ է դրանում օրինաչափություն տեսնել, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում ԼՂ ճանաչման գործընթացը շարունակվում է ամերիկյան նահանգների օրենսդիր մարմինների մակարդակով»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Մայք Գատոն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան պետություն ճանաչելու վերաբերյալ բանաձեւ է ներկայացրել:

AJR 32 բանաձեւում հիշեցվում է մարդկանց ինքնորոշման եւ ժողովրդավար անկախության իրավունքի մասին, հայտնում է Հայ դատի ամերիկյան գրասենյակը:

Քալիֆորնիայի Ասամբլեայի անդամը օրենսդրական նախաձեռնությունների հարցերում սերտորեն համագործակցում է Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ: Նա Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի առաջին հեղինակներից մեկն էր: Մայք Գատոն նաեւ մասնակցում է կարիքավոր հայերի համար միջոցների հավաքման գործընթացներին:

«Համայնքը միասնական է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանն աջակցելու հարցում»,- հայտարարել է Գատոն:

«Առավել ուրախ եմ բանաձեւը ներկայացնել այն օրը, երբ ողջ աշխարհի հայությունը ընտանիքի եւ մտերիմների հետ նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդը»,- նշել է նա:

Այն դեպքում, եթե Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատներն ընդունեն բանաձեւը, AJR 32-ի պատճենը կփոխանցեն ԱՄՆ նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի քարտուղարին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի քարտուղարին եւ Կոնգրեսում Քալիոֆորնիայի յուղաքանչյուր ներկայացուցչի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ