News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա մոտ մեկ տոննա հերոինի տեղափոխման կազմակերպիչներից Թուրքիայի քաղաքացի 40-ամյա Օսման Ուգուրլույի խափանման միջոց կալանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հանրային պաշտպանը՝ Արտակ Գարոյանը:

Նա նշեց, որ իրենց դիմումը մերժվել է, առայժմ չգիտեն՝ իօնչ պատճառաբանությամբ, դա կիմանան պատասխանը ստանալուց հետո: Նրանք այժմ մտածում են՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, թե ոչ: Արտակ Գարոյանն ասաց, որ իր պաշտպանյալին տեսակցելու համար հարազատները չեն եկել, բայց Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչությունից (փաստաբանը անունը հստակ չէր հիշում) եկել են Հայաստան, զրուցել նրա հետ եւ գնացել, իսկ թե ինչ են զրուցել, այդ մասին տեղեկություն չունեն:

Նախաքննության ընթացքի մասին հանրային պաշտպանը տվյալներ չհաղորդեց, միայն ասաց, որ այն կտեւի մի քանի ամիս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղեւորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

ԱԱԾ-ից ավելի ուշ հայտնել են, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 40-ամյա Օսման Ուգուրլուն:

Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռեւս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: Օսման Ուգուրլուն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ