News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Սերբիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել հնարավորինս լավագույն հարաբերություններ: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ հայ եւ սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է պատմական փաստերով, եւ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել այդ հարաբերությունները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, տնտեսական համագործակցության խորացումը եւ համապատասխանեցումը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը կարեւորել է մարտի 11-ին Երեւանում հայ-սերբական գործարար համաժողովի անցկացումը, որը թույլ կտա բացահայտել գործակցության նոր հեռանկարներ:

Իվան Մրկիչը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու տնտեսական կապերի ակտիվացմանը եւ դրանք քաղաքական համագործակցության մակարդակին բարձրացմանն ուղղված քայլերը: Նա կարեւորել է համապատասխան իրավական դաշտի ձեւավորումը եւ նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ այսօր արդեն ստորագրվել է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի վարչապետը  տեղեկացրել է Սերբիայի արտգործնախարարին, որ մեր երկիրը որդեգրել է «բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լավ հնարավորություն է Երեւան-Բելգրադ օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու համար: Պարոն Մրկիչը ողջունել է այդ գաղափարը՝ ընդգծելով, որ դա կխթանի զբոսաշրջության զարգացումը, գործարար շփումների ակտիվացումը եւ ներդրումների խրախուսումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ