Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում է, նա Մոսկվա կմեկնի վաղը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ երկրորդ նախագահը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ է: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ:
Իսկ թե երբ կվերադառնա երկրորդ նախագահը, Վիկտոր Սողոմանյանն ասաց՝ «մյուս շաբաթ, բայց արդեն ոչ Մոսկվայից»: Նա մտադիր է ՌԴ մայրաքաղաքից մեկնել այլ երկիր, որտեղից էլ կվերադառնա Հայաստան: Քանի որ այցը մասնավոր է, գրասենյակի ղեկավարը մանրամասներ չհաղորդեց:
Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը ոչ թե այսօր-վաղն է մեկնելու Մոսկվա` մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ է, այլ արդեն մեկ շաբաթ է, այնտեղ է եւ փորձում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ` մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, մասնավորապես հասկանալու համար՝ դեռ իրենից ակնկալո՞ւմ են, որ «զանգվածներ» հանի փողոց, թե՞ ոչ:
Ըստ թերթի տեղեկությունների, Պուտին-Քոչարյան հանդիպման կայանալու փաստից եւ արդյունքից է նաեւ կախված` կհանդիպե՞ն միմյանց Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ:




























