News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դերասան Աշոտ Մելոյանի (նկարահանվել է նաեւ «Կարգին հաղորդման» մեջ) եղբորորդին՝ զինծառայող Գոռ Մելոյանն արդեն 59-րդ օրն է՝ գտնվում է հիվանդանոցում, ունի ջերմություն եւ դժվարությամբ է քայլում ոտքի ցավի պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Մելոյանը:

Նա նշեց, որ եղբորորդու միջադեպի հետ կապված իմացել է մարտի 29-ի վաղ առավոտյան, երբ Գոռ Մելոյանը համացանցով իրեն գրել է, հետաքրքրվել որպիսիությամբ եւ պատմել, որ ոտքը ցավում է, ջերմություն ունի եւ գտնվում է հոսպիտալում:

Գոռ Մելոյանը զորակոչվել է 2013թ դեկտեմբերին, իսկ մինչ բանակ գնալը՝ մոտ մեկ տարի առաջ, կրունկի շրջանում՝ ջլի հատվածում,  վիրահատություն է տարել, 7 կար են դրել: «Երեւի թե այդտեղից ինչ-որ զարգացումներ են եղել, ոտքը ուռած է, խնդրել եմ, լուսանկար է արել եւ ուղարկել, որտեղ ակնհայտ երեւում է երկու ոտքերի միջեւ տարբերությունը: Երկու ամիս է՝ երեխան ջերմում է, մենք ահազանգում ենք, փոխարեն լուծում տան, մի բան էլ ասում են, թե մենք կլյաուզա ենք անում»,- նշեց նա:

Դերասանն ասաց, որ իրեն զանգահարել են ԼՂՀ-ից եւ մեղադրում են, թե ապատեղեկատվություն է  տարածել զինծառայողի առողջական վիճակի մասին: «Փաստն այն է, որ 15 օր Ալաշյանի հոսպիտալում է մնացել, 17 օր Ստեփանակերտի հոսպիտալում, որից հետո իրեն ուղարկել են զինմաս: Իսկ մարտի 7-ից նա նորից գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում մինչ այսօր: Հանձնաժողով է եկել Երեւանից եւ մինչեւ Գոռին  նրանց մոտ տանելը, զինմասի բուժկետում չափել են զինվորի ջերմությունը, որը այդ պահին եղել է 37,3 իսկ արդեն բժշկական հանձնաժողովի ներկայությամբ այն եղել է 37,9 եւ ասել են, որ զինվորը բուժման կարիք ունի: Երկու ամիս է՝ ինքը ջերմում է, ունեցել է ջերմություն՝ 37,2-37,9 աստիճան: Եթե ամեն ինչ լավ է, ինչպես իրենք են ասում, ինչո՞ւ է իմ եղբորորդին 59 օր գտնվում հոսպիտալում»,- նշեց դերասանը:

Աշոտ Մելոյանն ասաց, որ մինչ օրս պարզ չէ, թե ինչ խնդիր ունի զինծառայողը, ինչու է այդքան օր ջերմում եւ փոխարեն բուն հիվանդություն գտնեն ու բուժեն, փորձում են վերացնել հետեւանքները:

Դերասանն ասաց, որ եղբորորդու ջերմությունը ֆիքսում են թղթի վրա, չգիտի էլ՝ մատյանում գրանցում են, թե ոչ, իսկ այդ ջերմությունը հենց այնպես չի լինում, դա վկայում է օրգանիզմում ինչ-որ վիրուսային պրոցեսի մասին:

Նա նշեց, որ երեխայի հայրը՝ իր եղբայրը, 3-րդ կարգի հաշմանդամություն եւ մի շարք ունի, այդ պատճառով էլ նամակ է գրել Պաշտպանության նախարարին՝ խնդրանքով, որ որդուն տեղափոխեն Երեւան՝ բուժման, քանի որ չի կարող գնալ ու հասնել ԼՂՀ:  Շաբաթվա վերջին ընտանիքը պատրաստվում է հանդիպել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Ավելի վաղ դերասան Աշոտ Մելոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր հետեւյալը. «Ես հենց նոր իմացա, որ հարկավոր է ժամկետային ծառայող Գոռ Մելոյանին տեղափոխել Երեւան: Գոռը ներկա պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, ու արդեն 2 ամիս է ոտքը թարախակալված լինելու պատճառով ջերմում է 37,6: Չի կարողանում քայլել: Հոսպիտալի պետը չի թողնում, որ տեղափոխեն Երեւան: Հիմա նրան մոտ մեկ ամիս է ցավազրկողներով են պահում, դեղերը չեն օգնել, երեւի զիլյոնկա են քսում ինչպես միշտ, բայց զինվորը ունի ոտքի լուրջ խնդիր: Չգիտեմ՝ սպասում են երեւի ուշաթափվի, նոր տեղափոխեն: Դիմում եմ իմ ընկերներին՝ ո՞վ ունի ծանոթ Ստեփանակերտի հոսպիտալում: Գոռ իմ եղբոր որդին է»: Ավելի ուշ դերասանը գրել էր, որ անձամբ զրուցել է ԼՂՀ ՊՆ հետ, տեղյակ պահել առկա խնդրի մասի: «ՊՆ զանգել էր Ստեփանակերտի հոսպիտալ, տեղեկացել է՝ ինչը ինչոց է եւ հետ զանգահարեց ինձ ու ասաց որ Երեւանից կամիսիա է գնալու այնտեղ, որ հետամուտ կլինեն: Մի խոսքով՝ արդեն ընթացք են տվել, նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորին»: Գոռ Մելոյանի հետ կապված դեպքը զեկուցել էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: 

Տպել
Ամենաշատ