News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում:

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատվիրակության կազմում են ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը եւ ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

Այցի ծրագրի շրջանակներում պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելելել է Պոտսդամում գտնվող Յոհան Լեփսիուսի տուն-թանգարան, որտեղ արցախցի բարձրաստիճան հյուրերին դիմավորել է հաստատության տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը։ Ներկայացնելով թանգարանի պատմությունը, գործունեության ուղղությունները եւ նպատակները` նա պատմել է նաեւ Հայոց Ցեղասպանությանը վերաբերող փաստերի հավաքագրմանը, դրանց մասին գերմանական ու միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ բողոքական եկեղեցու հոգեւորական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի գործադրած ջանքերի մասին:

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել թանգարանի կողմից կատարվող աշխատանքի առթիվ, ապա գրառում կատարելով հաստատության հյուրերի  պատվո գրքում, տնօրենի հետ քննարկել է հետագա համագործակցության հարցեր:

Օրվա երկրորդ կեսին Բեռլինի Եվրոպական ակադեմիայում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման գործում» խորագրով միջոցառում, որտեղ որպես գլխավոր բանախոս «Լեռնային Ղարաբաղն այսօր՝ ակնկալիքները, մտահոգությունները, հեռանկարները» թեմատիկ ելույթով հանդես է եկել Արցախի խորհրդարանի նախագահը:

Անդրադառնալով ԼՂՀ ձեւավորման եւ կայացման գործընթացներին` նա իր խոսքում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի փուլը, շեշտել, որ երկարատեւ խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղ գոյակցության հիմքերի ստեղծումն է:

Միջոցառման երկրորդ հատվածում տեղի  է ունեցել բանավեճ-քննարկում, որին Աշոտ Ղուլյանից բացի հրավիրված էին նաեւ գերմանական խորհրդարանի՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզեն, Գիտության եւ Քաղաքականության հիմնադրամից դոկտոր Ուվե Հալբախը  եւ Համբուրգի համալսարանից իրավաբանության պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը: Բանավեճը վարել է ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր  Էքարտ Շտրատենշուլտեն: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը:

Հրավիրված փորձագետները ներկայացրել են իրենց տեսակետներն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի, տարածաշրջանային զարգացման հեռանկարների եւ այլ հարցերի վերաբերյալ: Այնուհետեւ բազմամարդ միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել բանախոսներին դիմել տարաբնույթ հարցերով, որոնց տրվել են հարկ եղած  պատասխաններ ու պարզաբանումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ