News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր՝ ապրիլի 4-ին կայացած Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի երկու փուլերի արդյունքում հաղթել է  2 թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը (9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ) եւ Գագիկ Զալիկի Մանասյանը (7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ):

Երկու  թեկնածուներից ամենաերիտասարդը` Անդրանիկ Արզումանյանը, երկար տարիներ աշխատել է Եգիպտոսում որպես  Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար, մի քանի տարի առաջ «ընտանեկան հարցերի բերումով» վերադարձել է Հայաստան, իսկ այս պաշտոնում հայտ ներկայացնելու որոշումը մինչեւ մրցույթի արդյունքների հրապարակումը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանեց հետեւյալ կերպ.

«Ես սիրում եմ օպերային արվեստը, ծանոթ եմ օպերային թատրոնին եւ նրա խնդիրներին: Իմ մեջ ուժ եմ գտել մասնակցելու մրցույթին։ Եթե հաղթեմ, առաջին քայլս կլինի ծանոթանալ ներսի խնդիրներին տիրող մթնոլորտին: Տնօրենն առաջին հերթին պետք է լինի մենեջերային աշխատանքի փորձ ունեցող մարդ, որով մեր թատրոնը ոտքի կկանգնեցնենք»: 

Տնօրենի մյուս հավանական թեկնածուն՝ Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը լրագրողների հետ խոսեց քննասենյակից դուրս գալուց անմիջապես հետո: Իր հնարավորությունները նա գնահատում է բարձր եւ հայտնում, որ պաշտոնը ստանձնելու դեպքում «տեռորիստ» է լինելու: Ըստ նրա, ինքն այդպես է աշխատում նաեւ ներկայիս պաշտոնում, որտեղ իր ենթականերն «մոմ են վառել», որպեսզի ինքը չհաղթի այս ու չթողնի ներկայիս աշխատանքը: Ընտրվելու դեպքում Մանասյանը օպերային թատրոնում համակարգային փոփոխություններ կիրականացնի:

Մրցույթում հաղթող ճանաչված երկու թեկնածուներից ով կդառնա թատրոնի տնօրեն՝ կորոշի Մշակույթի նախարարը։ Նախարարության հանրային կապերի վարչությունից  հայտնում են, որ բողոքի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր:

Հիշեցնենք որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 9 դիմում:

Նվարդ Մանվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ