News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» փոխնախագահ Ֆրանկ Էնգելին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ կարեւորել ակտիվ երկխոսությունը եվրոպական համայնքի մեր բարեկամների հետ, որը, նրա խոսքով, դրական լիցք է հաղորդում Հայաստան - ԵՄ հարաբերություններին: Այսօրինակ հանդիպումները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են ինչպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, այնպես էլ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների ու խնդիրների շուրջ մտքեր փոխանակելու համար:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւոր գործընկերներից մեկը, եւ ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Նախագահը երախտագիտություն է հայտնել «ԵՄ-Հայաստան բարեկամության խմբին»՝ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված գործունեության եւ Հայաստանին մշտապես սատարելու պատրաստակամության համար:

Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգում փոփոխություն տեղի չի ունեցել, եւ մեր երկիրը վճռական է շարունակելու ԵՄ-ի հետ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարեւորություն ունի, եւ Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ