News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շատ տարօրինակ է, որ մեկ այլ երկրի ներկայացուցիչը կարող է գալ Երեւանում հանդիմանանքով հայտարարել, թե ինչու եք մոռանում ռուսերենը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսիլեւի այն հանդիմանանքին, թե Հայաստանում կամաց-կամաց մոռանում են ռուսերենը եւ ինչ են անում ՀՀ պաշտոնյաները դա կանխելու համար:

«Վաղն էլ կարող են հանդիմանել, թե ֆրանսերենն եք մոռանում, մյուս օրը՝ արաբերենը: Տարօրինակ է ընդհանրապես, որ մարդն իրեն նման բան է թույլ տալիս, ով էլ որ լինի՝ պատգամավոր, լրագրող կամ մեկ ուրիշը: Միակ բանը, որ կարող է իրեն թույլ տալ որեւէ երկրի ներկայացուցիչ, դա ընդամենը պետք է լինի առաջարկի ձեւով, որ եթե ցանկություն ունեք, մենք կարող ենք ծրագրեր իրականացել եւ ավելացնել ռուսերենի դերը»,-ընդգծեց Խառատյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ռուսերենի նկատմամբ ունի միջազգային պարտավորություններ, որոնցից մեկը լեզուների եվրոպական խարտիան է, որով ռուսերենը որպես փոքրամասնությունների լեզու, 4 այլ լեզուների՝ ասորերենի, քրդերենի, եզդիերենի եւ հունարենի հետ ունի հատուկ կարգավիճակ եւ ռուսերենի նկատմամբ այդ պարտավորություններն ամբողջությամբ կատարվում են:

«Եթե այդ մարդիկ Հայաստանի պարտավորություններից զատ, մասնավոր պատկերացումներ ունեն, որ Հայաստանը պարտավոր է անել, դա, ըստ երեւույթին, պետք է դիտարկել Հայաստանի՝ մեծ փափագով Եվրասիական միություն մտնելու համատեքստում: Բայց նույնիսկ Եվրասիական միություն մտնելը գոնե առայժմ այդպիսի պարտավորություններ չի դնում մեր երկրի առջեւ: Մմիայն ընդամենը վարչական լեզվի մասին է խոսում, որ, եթե չեմ սխալվում, վարչական գրագրության լեզուն լինի ռուսերենը»,-ասել է ազգագրագետը:

Դիտարկմանը, որ Կիսիլեւի այդ հանդիմանանքին հայ պատգամավորները սկսել են արդարանալ, թե մեր երկրում ռուսերենը լավ հիմքերի վրա է, ոչ ոք չի մոռացել այն, Հրանուշ Խառատյանն արձագանքեց. «Ինձ համար Կիսիլեւի հայտարարությունը շատ մեծ անտակտություն է եւ եւս մեկ անգամ ուժի ցուցադրություն: Ես համարում եմ, որ այն պատգամավորները, որոնք այդպես խեղճուկրակ կուչ են եկել, թե վայ չէ, մենք գերազանց ենք ռուսերենից, դա հերթական անգամ Հայաստանի նվաստացում է որեւէ երկրի առջեւ:

Հայաստանը անկախ երկիր է եւ ինքնուրույն է որոշում, թե որ լեզուն որքան առաջ մղի իր երկրում: Կիսիլեւը կամ մեկ ուրիշը չէ, որ պիտի գան ու իրենց իրավունք վերապահեն խոսելու նման ձեւով: Բայց մյուս կողմից, կարծում եմ, որ այդ իրավունքը նրանց տվել է ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը, որոնք ամեն մի ռուսական մատ թափ տալու առջեւ զգաստ կեցվածքով զեկուցում են, թե  այդ ոլորտում իրենց առաջխաղացումները որոնք են»:

Անդրադառնալով նույն Կիսիլեւի մեկ այլ հայտարարությանը, թե եվրասիական մոդելը բազմաշերտ աշխարհի մոդել է, որի դեպքում «Հայաստանը մնում է հայկական, Չինաստանը՝ չինական», Հրանուշ Խառատյանը նշել է. «Անշուշտ Հայաստանը մնում է Հայաստան՝ ռուսերենով, Հայաստանը մնում է Հայաստան ռուսական օրենքներով, նույնիսկ ոչ թե եվրասիական միության, այլ ռուսական օրենքներով: Չէ որ Կիսիլեւը չի խոսում եվրասիական ընդունված ինչ-որ մի ընդունելի միջազգային լեզվի մասին, նա խոսում է միայն ռուսերենի մասին, իսկ միգուցե այդ միջազգային լեզուն ղազախերեն է լինում:

Ես համարում եմ, որ սա Կիսիլեւի կողմից օրինաչափ է, հաշվի առնելով մեր երկրի իշխանությունների զգաստ կեցվածքը ամեն մի երրորդական, չորրորդական, հինգերորդական մարդու կողմից Հայաստանի նկատմամբ ակնկալիքների հանդեպ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ