News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ինքը աշխատանքից ազատման դիմում կներկայացնի, եթե քննությունը պարզի, որ ինքը մեղավոր է: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Օսիպյանը անդրադառնալով՝  Հատուկ քննչական ծառայությունում իր դեմ հարուցված քրեական գործին:

«Ես մեղավոր չեմ, քննությամբ կպարզվի: Անկախ ամեն ինչից, ով ինչ արել է, պատասխան կտա,  եթե պարզի, որ ես մեղավոր եմ, թող ինձ պատասխանատվության ենթարկեն, ես պատրաստ եմ, բոլորն են օրենքի առաջ հավասար: Բայց ես չեմ գնացել այդ քայլին, ես անօրեն ոչ մի բան չեմ արել, առհասարակ ես բան չեմ արել: Ես այդ քրեական գործի մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից»,- ասաց փոխոստիկանապետը:

Անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ իրեն աշխատանքից պատրաստվում են հեռացնել, Վալերի Օսիպյանն ասաց. «Եթե ապացուցվի մեղավորությունս,  ես չեմ սպասի, որ ինձ հեռացնեն, ես ինքս կազատվեմ»:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Վալերի Օսիպյանի եղբորորդին դանակահարել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին: Մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Երեւանի փոխոստիկանապետը հանդիպել էր միջադեպի մասնակիցներից մեկի մոր՝ Սուսաննա Հովհաննիսյանի հետ եւ փորձել համաձայնության գալ եւ իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա: Քրեական գործը հարուցվել է մամուլի հրապարակումների հիման վրա: ՀՔԾ-ն գաղտնի է պահում հոդվածը, որով հարուցվել է գործը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ