News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մայրաքաղաքի տոնավաճառների աշխատակիցները սպառնում են գործադուլ անել, եթե չեղյալ չհամարվի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը հայտարարեց տոնավաճառներից մեկի աշխատակից Գագիկ Դանիելյանը։

«Հազար հատ ստորագրություն ենք հավաքել, որ եթե օրենքը չփոխվի, հոկտեմբերից ոչ ոք չի աշխատելու։ Հարկայինը ամեն օր մեզ պետք ա գա, ստուգի, մենք էլ պիտի ամեն րոպե թպրտանք, թե՝ հեսա հարկայինը գալու ա»,- ասաց քաղաքացին։

Հովիկ Աբրահամյանը բողոքող քաղաքացիներին վստահեցրեց, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որեւէ կերպ չի տուժի։

«Դուք ձեր կամքից անկախ դարձել եք մի հարթակ, որտեղ խոշորն է գործում ու մեզ խաբում, հիմա մենք ձեր հարկը 3,5 տոկոսից իջեցրել ենք 1,5 տոկոս։ Եթե դուք արդար եք, ինչո՞ւ եք ուզում, որ օրենքը նույնը մնա»,- ասաց վարչապետը։

Առեւտրականները դժգոհեցին, որ իրենք չեն պատրաստվում ամբողջ աշխատանքային օրը նվիրել թղթաբանությանը, հատկապես որ հաճախ աշխատում են «նիսյայով», հետ են վերցնում ապրանքը, կամ փոխանակում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնելու հարկայինին հաշվետու լինելու դեպքում։

«Եթե ուզում եք խոշորներին հարկային դաշտ բերել, խնդրում ենք մեր միջոցով դա չանել։ Մեզ տեռորի մի ենթարկեք»,- ասաց առեւտրական կանանցից մեկը՝ վարչապետին խնդրելով օրենքը կասեցնել։

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, որն առեւտրականներին վստահեցրեց, որ օրենքն իրենց դեմ չի գործելու, եւ հարկային տեսուչները ամեն օր շուկա չեն գնալու ստուգումներ անելու։

Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, որ տոնավաճառների աշխատակիցներն իրենց պահանջները գրավոր կներկայացնեն Արմեն Ալավերդյանին, որպեսզի դրանք քննարկվեն ու անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արվեն, որ առեւտրականները հնարավորինս  ազատվեն թղթաբանության հետ կապված քաշքշուկներից։

Հիշեցնենք, որ Երեւանի տարբեր տոնավաճառների մի քանի հարյուր աշխատողներ այսօր բողոքի երթով «Հրազդան» մարզադաշտի մոտից քայլել են մինչեւ կառավարության շենք՝ պահանջելով եղյալ հայտարարել «Շրջանառության հարկի մասին» օրենքը», ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Ընդ որում, առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ