News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արթուր Բաղդասարյանը որեւէ առնչություն չունի փախուստի դիմած կալանավորի դեմ հարուցված գործի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:

Նա նշեց, որ Արթուր Բաղդասարյանը որեւէ նման գրություն չի ուղարկել եւ ընդհանրապես այդ գործի հետ կապ չունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:

Նա նշել էր, որ Արթուր Բաղդասարյանը գրություն էր ներկայացրել՝ նշելով, թե դա ստացել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից, եւ այդ գրության հիման վրա սկսվել էր հետաքննություն, հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորվել էր Սուրեն Գաբրիելյանը: Փաստաբանը մտադիր է հենց առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացնել եւ Արթուր Բաղդասարյանին դատարան կանչել հարցաքննության:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նրան հայտնաբերել էին Վրաստանի տարածքում:

Փաստաբանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել, որ նրա փախուստի մեջ մեղավոր են նրանք, ովքեր մերժել են իր միջնորդությունները եւ կալանավորին ազատ չեն արձակել՝  հիմք ընդունելով նրա մոտ առկա պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները: Մասնավորապես, պաշտոնյաների կողմից անտեսվել են օրենքի պահանջները եւ պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում կալանավորին դրդել են փախուստի, մինչդեռ եթե օրենքի պահանջները կատարեին, նա չէր դիմի փախուստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ