News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ես վեղադաղնալու եմ Հայաստան». ֆրանսերեն արտասանությամբ դժվարությամբ հայերեն արտաբերեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, որը Հայաստանից մեկնելուց մեկ օր առաջ իր կնոջ հետ վերջին անգամ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծաղիկ դրեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

«Ղոսում եմ մի քիչ հայեղեն, սիղում եմ ղոսել հայեղեն եւ այս եղեկոյան ղոսելու եմ հայեղեն Ֆղանսիայի դեսպանատանը: Սիղում եմ Հայաստան, վեղադաղնալու եմ Հայաստան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անրի Ռենոն:

Դեսպանը խոստովանում է, որ պաշտոնավարման 4 տարիներին, թեեւ որոշ չափով հայերեն խոսել է սովորել, սակայն դժվարությամբ է հասկանում, երբ հայերն են խոսում հայերեն. «Ես հայոց լեզուն շատ եմ սիրում, շատ վատ չեմ խոսում, բայց ինձ համար ամենադժվարը հայերեն հասկանալն էր: Տարօրինակ իրավիճակ էր, երբ ես խոսում էի, ինձ հետ խոսողը պատասխանում էր, բայց ես չէի հասկանում: Նա շատ էր զարմանում՝ ինչպես կարող եմ ես խոսել, բայց չհասկանալ հայերեն: Դա մի փոքր հուսահատեցնող էր ինձ համար»:

Սակայն Անրի Ռենոյի հիշողություններում Հայաստանը գերազանցապես դրական է լինելու: Նախկին դեսպանը Ֆրանսիայում իր ընկերներին կպատմի երկու ազգերի նմանությունների, Հայատանում իր ամենասիրելի վայրի՝ Ծիծեռնակաբերդի, Խոր Վիրապի, Էջմիածնի, Երեւանի ու հայկական փոքրիկ գյուղերի մասին, որոնք, նրան հիշեցնում են իր երկիրը՝ 50 եւ 60-ական թվականներին:

«Հայաստանը ժպիտ է, մարդիկ եւ երկիրը ջերմ են: Նշանակալի տարիներ էին, ես երբեք ինձ օտար չեմ զգացել այստեղ: Ինձ զգում էի ինչպես տանը, քանի որ հայերի եւ ֆրանսիացիների միջեւ շատ նմանություններ կան: Ապրելակերպը, մարդկանց ջերմությունը, շատ բաներ ինձ հիշեցնում էին Ֆրանսիայի մասին»,-ասաց Անրի Ռենոն:

Նախկին դեսպանը, որպես Հայսատանի խորհրդանիշ, ամենից առաջ Ծիծեռնակաբերդը կհիշի՝ այն վայրը, որը «մարմնավորվում է հայ ժողովրդի ապրելու ձգտումը»:

«Ինձ համար այս վայրը նույնականացվում է հայ ժողովրդի հետ: Սա այն վայրն է, որը հայերը պահում են իրենց սրտում, սա Հայաստանի ամենահզոր կետն է: Սա խորհրդանշական վայր է, այն մարմնավորում է հզոր ազգի ապրելու ձգտումը»,- ասաց նախկին դեսպանը։

Անրի Ռենոն ափսոսանքով նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան չի կարող գալ. նա տիկնոջ հետ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց այսօր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ