News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը 21-րդ դարում չի հասկանում ժողովուրդների եւ պետությունների երկխոսության քաղաքակիրթ, մարդկային լեզուն, եւ չի բուժվել նավթադոլարային հիստերիայից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Զորավար Սեպուհի աճյունասափորի ամփոփման հանդիսավոր արարողությանն ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Ակնհայտ է, որ դիմացինը չի հասկանում իր քայլերի բնույթն ու հետեւանքները, ինչը մեզ պարտադրում է ամեն րոպե զգոն լինել։ Այստեղ ամփոփված հերոսները մեզ զրկել են սխալվելու, անցյալը մոռանալու իրավունքից, որովհետեւ մենք դատապարտված ենք ունենալ մի հարեւան, որը չի հասկանում 21-րդ դարում ժողովուրդների եւ պետությունների երկխոսության մարդկային, քաղաքակիրթ լեզուն, ու չկարողանալով բուժվել նավթադոլարային հիստերայից, փորձում է խոսել միայն ուժի դիրքերից՝ չհասկանալով, որ այդ դիրքերն ինքը վաղուց է  հանձնել, ուժի լեզուն էլ իրենից լավ գիտենք»,-ասաց նախարարը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ պատմությունը մեկն է, եւ այն կեղծելու փոխարեն պետք է հասկանալ դրա տրամաբանությունը եւ դասեր քաղել, սակայն հարեւան հանրապետությունում պատմությունը չեն հիշում, ոչ էլ ինչ-որ բան են սովորում:

«Պատմությունը ոչ թե կեղծում են, այլ կերտում եւ հիշում: Ցավոք, հարեւան հանրապետությունում ոչ հիշում են, ոչ էլ ինչ-որ բան սովորում, այլապես չէին լինի ողջ տարածաշրջանի կայունությունը վտանգող եւ այս փխրուն խաղաղությունը պահպանելու միջազգային հանրության բոլոր ջանքերն ի չիք դարձնող հուլիս-օգոստոսյան աննախադեպ արկածախնդրությունը, որը փշրվեց՝ հանդիպելով հայկական բանակի ստորաբաժանումների աներեր կեցվածքին: Եվ ընդամենը մի գիշեր անհրաժեշտ եղավ, որ հօդս ցնդեր հակառակորդի բանակի հզորության մասին տարիներով հյուսված, էժանագին առասպելը»,-ասաց նախարարը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ դա էլ դաս չեղավ հակառակորդի համար, որը փորձեց լարվածությունը նոր հարթություն տեղափոխել. «Ինչպես ժամանակին քնած սպա էր կացնահարում, ու մարդասպանին հերոսացնում, այժմ էլ խոցեց զորավարժարանում առանց սպառազինության ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը, եւ այսօր էլ ամեն կերպ խափանում է զոհված զինվորական օդաչուների աճյունները միջդիրքային տարածությունից դուրս բերելու բոլոր ջանքերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ