News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայրը՝ Կիեւ):

Նախագահը շնորհավորել է դեսպան Պրահին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նախագահը նշել է, որ հայ եւ սլովեն ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների հիմքի վրա Հայաստանը եւ Սլովենիան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողությամբ զարգացնում են միջպետական հարաբերությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այդ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալից են եղել հատկապես 2010 եւ 2011 թվականները, երբ երկու երկրների նախագահները բարձր մակարդակի հանդիպումներ ունեցան, որոնց արդյունքում զգալիորեն հարստացվեց համագործակցության իրավապայմանագրային դաշտը, նոր մակարդակի բարձրացվեց քաղաքական երկխոսությունը, տնտեսական ոլորտում որոշակիորեն աշխուժացավ փոխգործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ դեսպան Նատաշա Պրահը երկուստեք կարեւորել են հաճախակի փոխայցելությունները, սերտ համագործակցությունը նաեւ միջխորհրդարանական ձեւաչափում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Սլովենիայի դեսպանը նշել է, որ ընտրություններից հետո իր երկրում վերջերս ձեւավորված խրհրդարանն սկսել է գործունեությունը, եւ երկրի իշխանություններին կառաջարկի օրենսդիր մարմնում ստեղծել Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ՝ այդ մակարդակում եւս խթանելու սերտ գործակցությունը:

Դեսպան Պրահի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է նաեւ տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները:

Սլովենիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ