News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հարկային ծառայությունն իրավունք չունի ստուգումներ անցկացնել ֆիզիկական անձանց բնակարաններում: Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Մաքսային կարգավորումների մասին» օրինագիծը: Նա նաեւ հավելեց, որ հարկային ծառայություններն իրավասու չեն առանց ծանրակշիռ ապացույցների ֆիզիկական անձանց ստուգել տանն անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հարցում:

Դա միաժամանակ նշանակում է, որ քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը սահմանին բավականաչափ խիստ պետք է լինի: «Բնականաբար, որոշ ծավալի սահմաններում ապրանքներ կարելի է ներմուծել առանց հարկ վճարելու: Այդ ծավալը գերազանցելու դեպքում հարկեր պետք է վճարել: Հակառակ դեպքում ստացվում է, որ քաղաքացին օգուտ է ստանում բիզնեսով զբաղվելուց, սակայն հարկեր չի վճարում»,- հավելեց Միրումյանը:

Օրինագիծը նախատեսում է ավելացնել նշված սահմանաչափը, հետեւաբար՝ բիզնեսով չզբաղվող շարքային քաղաքացիները կարող են արտերկրից ավելի շատ ապրանքներ ներմուծել անձնական նպատակներով: Այսպես, ֆիզիկական անձանց փոստային բեռները հարկվելու են, եթե դրանց արժեքն ամսական գերազանցի 200 հազար դրամը (գործող փոխարժեքով՝ շուրջ 630 դոլար): Հիմա սահմանված շեմը 150 հազար է: Ցամաքային ճանապարհով սահմանը հատելու դեպքում ֆիզիկական անձանց բեռների համար այդ շեմը հասցվում է 1500 եվրոյի: Իսկ օդանավակայանով ժամանողների պարագայում այն հասնում է տարեկան 10 հազար եվրոյի:

Եթե փոստային բեռի ընդհանուր արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, բայց չի հասնում 1.000 եվրոյի, մաքսատուրք+ԱԱՀ-ն կկազմի 22.5%՝ երրորդ երկրներից եւ 20%՝ ԵՏՄ պետություններից: 1.000 եվրոյից ավելիի դեպքում դրույքաչափը հասնում է մինչեւ 30%՝ երրորդ երկրներից ներմուծված ապրանքների դեպքում: Նման ծավալով ապրանքների ներմուծումը ԵՏՄ երկրներից հարկվելու է գործող օրենսդրության դրույքաչափերով:

Այս արտոնյալ ռեժիմը, ըստ Միրումյանի, վերաբերում է միայն ֆիզիկական անձանց: Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները հարկեր են վճարելու ցանկացած ծավալով ներմուծման դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ