News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Կառավարության համար առանցքային սկզբունք է տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովումը, որը մեզ հաջողվել է իրագործել մի քանի գերակա ուղղությունների հավասարակշռման միջոցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, որն անդրադարձել է ԼՂՀ տնտեսության մի շարք խնդիրների:

Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ք են ԼՂՀ տնտեսական զարգացման գերակայությունները:

ԼՂՀ տնտեսական զարգացման գերակայությունները բխում են երկրի կայուն զարգացման, բնակչության կյանքի որակի բարձրացման նպատակադրած արդյունքների ապահովման անհրաժեշտությունից:  Տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը, որպես մեր տնտեսական քաղաքականության հիմնական գերակայություն, հիմնված է  անհրաժեշտ ներուժ ունեցող ճյուղերի եւ ոլորտների զարգացման վրա: Այս  տեսանկյունից կարեւորվում են գյուղատնտեսությունը,  թեթեւ եւ սննդի  արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը: Նշված ոլորտներում ներդրումային գրավչության բարձրացումը մեր գործունեության առաջնահերթություններից է:

Կառավարության համար առանցքային սկզբունք է տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովումը, որը մեզ հաջողվել է իրագործել մի քանի գերակա ուղղությունների հավասարակշռման միջոցով: Ապացուցված ճշմարտություն է, որ բազմակողմանիորեն զարգացած տնտեսությունը կայունության հիմնական գրավականն է:

Ինչպե՞ս է զարգանում տնտեսական համագործակցությունը այլ պետությունների հետ եւ որոնք են այդ համագործակցության հիմնական ուղիները:

Մենք ձգտում ենք օգտագործել տարբեր պետությունների հետ  տնտեսական կապեր հաստատելու ուղղությամբ մեզ ընձեռնված նույնիսկ ամենափոքր հնարավորությունը: Ունենք որոշակի առաջընթաց այդ հարցում, բայց  ներկայումս տնտեսական համագործակցությունը ընթանում է, մեծ հաշվով, մասնավոր կազմակերպությունների միջոցով՝ արտաքին առեւտրային գործընթացների տեսքով: ԼՂՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը վերջին 10  տարիների ընթացքում ավելացել է 2,5 անգամ:

2013 թվականի արդյունքներով ԼՂՀ-ն արտաքին առեւտուր է իրականացրել ավելի քան 20 երկրների հետ, որի մոտ  95 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությանը եւ Ռուսաստանի Դաշնությանը, իսկ այլ երկրներից հարկ է նշել Միացյալ Թագավորությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Չինաստանը:

Ինչպե՞ս է արցախյան արտադրանքը ներկայացվում արտաքին շուկաներում եւ  ինչպե՞ս եք Դուք գնահատում հեռանկարներն այդ ուղղությամբ:

Արցախի տնտեսական ռազմավարական նպատակներից են նաեւ արտահանման ուղղվածություն ունեցող մրցունակ արտադրությունների գոյությունը եւ, հետեւաբար, տեղական արտադրանքի թափանցումը արտաքին շուկաներ: Այս նպատակներն իրագործելու համար ԼՂՀ  կառավարությունն իր վարած քաղաքականության կարեւոր բաղադրիչ է դարձրել արտահանման ներուժ ունեցող կազմակերպություններին պետական աջակցության ցուցաբերումը եւ արտաքին շուկաներում նրանց արտադրանքի առաջմղմանը նպաստելը, որի ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր: Մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտներն աջակցություն են ստանում միջազգային եւ տարածաշրջանային ցուցահանդեսներին եւ համաժողովներին մասնակցության, ինտերնետային կայքերի, գովազդային վահանակների, ապրանքների փաթեթավորման եւ բրենդավորման հարցերում: Արտադրանքի արտահանման կազմակերպման աշխատանքներում աջակցությունէցուցաբերվումհատկապեսվերամշակմանարդյունաբերությանոլորտումգործողփոքրեւմիջինձեռնարկություններին:

Հեռանկարները դրական կգնահատեի, քանի որ աճի միտումները նշանակալի են: Առաջիկա տեսանելի հեռանկարը պայմանավորված է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ, որն Արցախի գործարարների համար արտաքին շուկաներ դուրս գալու նոր հնարավորություններ կստեղծի:

Զբոսաշրջային հոսքը ԼՂՀ-ում Դուք համապատասխան եք համարու՞մ հանրապետության հնարավորություններին: Դրա հետ կապված ինչպե՞ս են ընթանում գործերը հյուրանոցային բնագավառում եւ ի՞նչ կարող է արվել այդ իրավիճակի բարելավման ուղղությամբ:

Արցախը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որը, սակայն, դեռ լիովին չի օգտագործվում: Հանրապետությունում տարեցտարի ավելանում են զբոսաշրջավայրերը, արգելոցները, հյուրանոցային տնտեսության օբյեկտները, մի խոսքով՝ ստեղծվում է զբոսաշրջային արդյունք, որի համար պահանջարկը նույնպես աճում է: Մյուս կողմից, չնայած գրանցվող առաջընթացին եւ մինչեւ 2013թ. օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի կտրուկ աճին, ցուցանիշները դեռ չեն համապատասխանում ԼՂՀ ներուժին: Հարկ է նշել, որ 2014 թվականին օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի շուրջ 20 տոկոս նվազեցում է գրանցվել, այդ թվում՝ տարվա ընթացքում սահմանային լարվածության պատճառով:

Ինչ վերաբերում է հյուրանոցային բնագավառին, ապա այստեղ կան որոշակի խնդիրներ նաեւ ոլորտի սեզոնային բնույթի պատճառով: Այսպես՝ ԼՂՀ-ում գործում է հյուրանոցային տնտեսության 42 օբյեկտ (1187 մահճակալ-տեղ), եւ զբոսաշրջային սեզոնին դրանց զբաղվածությունը լինում է միջինից բարձր, այնինչ տարվա ցուրտ եղանակներին վերոհիշյալ օբյեկտների զբաղվածությունը կտրուկ նվազում է: Նշված հանգամանքը բացասական ազդեցություն է գործում հյուրանոցներում ծառայությունների մատուցման որակի վրա: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մշակվում են մի շարք մեխանիզմներ, օրինակ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին հարկային արտոնություններ տրամադրելու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների համար գիշերակացի առավել նվազ արժեք սահմանելու ուղղությամբ: Համոզված եմ՝ ձեռնարկվելիք միջոցները դրական ազդեցություն կունենան զբոսաշրջիկների քանակի աճի վրա նաեւ ոչ սեզոնային ժամանակաշրջանում:

Որքանո՞վ է Լեռնային Ղարաբաղը հետաքրքիր հայկական արմատներ չունեցող օտարերկրացիների համար:

Օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրությունը ԼՂՀ նկատմամբ տարեցտարի ավելանում է: Օրինակ՝ մինչեւ 2013 թվականն օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի տարեկան 40 տոկոս աճ էր ապահովվում, որի մի զգալի մասը ոչ հայկական ծագմամբ զբոսաշրջիկներն էին կազմում: Նրանց հետաքրքրությունը պայմանավորված չէ միայն Արցախի հարուստ պատմամշակութային միջավայրով կամ բարենպաստ բնակլիմայական պայմաններով: Կարեւոր դեր են խաղում նաեւ Արցախի՝ որպես զբոսաշրջային գրավիչ երկրի, նկարագրի ձեւավորումը: Տեղեկատվական արշավներն իրականացվում են միջազգային խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցության, գովազդային հոլովակների եւ ֆիլմերի նկարահանման եւ սփռման, թիրախային շուկաներում տպագրական-տեղեկատվական նյութերի տարածման, ինչպես նաեւ համացանցի միջոցով: Հետեւաբար, նաեւ արդյունավետ քարոզչությամբ է պայմանավորված օտարերկրացիների հետաքրքրության ավելացումը ԼՂՀ-ի նկատմամբ:

Ըստ մեր հետազոտությունների՝ հանրապետությունում ակնհայտ չեն հերիքում ճանապարհային ցուցանշանները, այդ թվում՝ պատմամշակութային ցուցանակները, համամի՞տ եք դրա հետ:

Բոլոր հայտնի զբոսաշրջային գրավչության օբյեկտների համար տեղադրված են ճանապարհային ցուցանակներ հանրապետության ողջ տարածքում: Բացի այդ,  գրեթե բոլոր հայտնի հուշարձանների տարածքում տեղադրված են ցուցատախտակներ:

Արդեն մի քանի տարի է, ինչ զբոսաշրջային գրավչության օբյեկտներում բազմալեզու տեղեկատվական ցուցանակների տեղադրման գործընթաց է սկսվել, եւ այն շարունակական բնույթ է կրում: Այստեղ, սակայն, բախվում ենք մեկ այլ խնդրի հետ.  դրանք հաճախ վնասվում են անհայտ անձանց կողմից, ինչը խաթարում է այդ ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետությունը:

Ինչ վերաբերում է ճանապարհային ցուցանակներին, ապա համաձայն եմ, որ հանրապետության հատկապես որոշ հատվածներում այդ խնդիրն առկա է, եւ համակարգն ամբողջությամբ կարգավորված չէ: Համոզված եմ՝ կարճ ժամանակահատվածում խնդիրն ընդհանուր առմամբ կլուծվի՝ հեշտացնելով հատկապես զբոսաշրջիկների տեղաշարժը ԼՂՀ-ում:

Ստեփանակերտը եվրոպական  փոքր քաղաքի տեսք ունի, սակայն պետությունը չի սահմանափակվում միայն մայրաքաղաքով: Ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, առաջին հերթին՝ ճանապարհների:

Այո՛, ակնհայտ են Ստեփանակերտի զարգացման միտումները, սակայն դրան զուգահեռ ԼՂՀ կառավարությունը վարում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն, որի շրջանակներում ենթակառուցվածքների պահպանումն ու բարելավումն իրենց կարեւոր տեղն ունեն: Ամենամյա պետական բյուջեի, ինչպես նաեւ արտաբյուջետային հաշիվներից կատարվում են ԼՂՀ ընդհանուր օգտագործման պետական ճանապարհների վերակառուցման, վերանորոգման  եւ պահպանման պարբերական աշխատանքներ:

ԼՂՀ  ընդհանուր օգտագործման պետական ավտոճանապարհների երկարությունը կազմում է 2290կմ:  Ճանապարհների պահպանման աշխատանքները հիմնականում իրականացնում է «Արցախուղի» ՓԲԸ-ն, որը բոլոր վարչական շրջաններում ունի ստորաբաժանումներ:

Վերջին տարիներին կապիտալ վերանորոգվել են Ասկերանի շրջանի Իվանյան եւ Նորագյուղ, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղեր տանող ճանապարհները, ինչպես նաեւ Ստեփանակերտ-Բերձոր, Ասկերան-Մարտակերտ, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհների առանձին հատվածները:

Ավարտական փուլում են Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի եւ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր տանող ճանապարհների կառուցման աշխատանքները: Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից սկսված է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումը: Կառուցվել են Կիչան-Դրմբոն ճանապարհահատվածի ավտոմոբիլային եւ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում հետիոտային նոր կամուրջներ: Միաժամանակ ճանապարհաշինարարական եւ սպասարկման  ընկերությունները կատարում են Ստեփանակերտ քաղաքի փողոցների, ինչպես նաեւ  շրջանների միջհամայնքային ճանապարհների պարբերական բարեկարգում եւ բարելավում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առկա՞ են արդյոք Էկոլոգիական հարցեր:

Համեմատած մի շարք երկրների հետ՝ կարելի է ասել, որ ԼՂՀ տարածքը Էկոլոգիապես շատ մաքուր է: Մարդկանց կյանքի, առողջության ու ապրելակերպին սպառնացող, ինչպես նաեւ բնության, կենդանական աշխարհի, ջրային եւ այլ կենսական նշանակություն ունեցող ռեսուրսների վրա էական բացասական ազդեցություն ունեցող գործոններ չկան: Բնապահպանական նորմերի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար պետական համապատասխան կառույցներն ունեն բոլոր հնարավորությունները:

Հանրապետությունում գործում են հանքարդյունաբերական մի շարք համալիրներ, որոնք, բնականաբար, էկոլոգիական ռիսկերի հիմնական աղբյուրներն են: Սակայն դրանց նկատմամբ համապատասխան վերահսկողությունը բարձր է, եւ վստահորեն կարող եմ պնդել, որ Արցախի հանքերը, ընդհանուր առմամբ, համապատասխանում են միջազգային էկոլոգիական ստանդարտներին: Դրանցից ամենավտանգավորը, աշխարհագրական դիրքի պատճառով, Դրմբոնի ոսկու հանքն է, քանի որ այն շահագործվում է Սարսանգի ջրամբարի հարեւանությամբ: Մյուս կողմից, դրա պոչամբարն անկախ փորձագետների կողմից համարվում է ՀՀ եւ ԼՂՀ տարածքի ամենանվտանգ համակարգը, ինչը նշանակալիորեն նվազեցնում է վերոնշյալ ռիսկը:

Ի՞նչ աշխատանքներ են տարվում անտառային զանգվածների տնկման ուղղությամբ:

Հազարավոր տարիներով ԼՂՀ-ում անտառածածկ տարածքները գոյատեւում են որպես կայուն էկոհամակարգ, եւ անտառաշինական աշխատանքների ժամանակ ստացած տվյալներն անտառածածկ տարածքների ծավալների մասին տարեցտարի համադրելով՝ ակնհայտ է, որ ԼՂՀ անտառներն ավելանում են մեծամասամբ բնական վերաճի շնորհիվ: Անտառային նշանակության այն հողերը, որոնք բնական վերաճի ճանապարհով դեռեւս անտառապատ չեն, հողի որակական կազմի եւ բնակլիմայական պայմանների ոչ բավարար լինելու պատճառով նպատակահարմար չե նանտառային զանգվածներ տնկելու համար (բացի բացատները, որոնք գյուղատնտեսական նշանակության են):

ԼՂՀ անտառային նշանակության հողերում նպատակահարմար է իրականացնել անտառատունկ, որը նպատակաուղղված կլինի անտառների որակական հատկանիշների բարելավմանը: Այդ իսկ նպատակով իրականացվել է եւ հիմա էլ շարունակվում է թանկարժեք եւ արժեքավոր ծառատեսակների տունկը (հունական ընկուզենի, սոճենի, հացենի, հաճարենի, շագանակենի, գիհի):

Վերջին տարիներին այդ նպատակով անտառատունկեր են իրականացվել հետեւյալ ծավալներով՝

• հունականընկուզենի՝ 11,84 հա,

• հաճարենի՝ 18,8 հա՝այդ թվում 15 հա իրականացվել է 2013 թվականին,

• սոճենի, նոճենի, գիհի՝ 3 հա, որոնք հետագայում ինքնուրույն գոյատեւման եւ անտառի սերմնային աճի ապահոհման նպատակով՝ փոքր չափերով տեղաբաշխված են անտառի տարբեր բարենպաստ զանգվածներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ