News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Նախորդ տարում հայ-չեխական միջխորհրդարանական կապերն ունեցել են զարգացման արդյունավետ ընթացք, ինչին նպաստել են երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Շարմազանովը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն ու կընդլայնվեն: Նա ընդգծել է, որ 2015 թ. հայ ժողովրդի համար կարեւոր տարի է. Հայաստանում եւ արտերկրում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: Այս համատեքստում պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու հարցում պատրաստակամություն հայտնելու համար:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին օրերին սահմանին եւ շփման գծում խախտման դեպքերին: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հստակ հասցեագրված էր Ադրբեջանին՝ հավատարիմ մնալու հրադադարի պահպանման ռեժիմին: Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ փաստել է, որ ՀՀ իշխանությունները ԼՂ խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ